Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միջազգային համագործակցություն. կբարելավվի Հայաստանի ճանապարհների անվտանգությունը

Միջազգային համագործակցություն. կբարելավվի Հայաստանի ճանապարհների 
անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունն ընդունել է որոշում, որով  նախատեսվում է  լուծել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրը. բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն մանկատան շուրջ 300 շրջանավարտի: Նրանց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թ.-ից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ վերջին 16 տարիներին  պետությունը  չի կատարել կամ թերի է կատարել մանկատան  շրջանավարտներին  բնակարանով  ապահովելու իր պարտականությունները: Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից մանկատների շրջանավարտներին ցուցաբերվող ուշադրությունը համակարգված չի եղել և կրել է դրվագային բնույթ. մանկատան շրջանավարտներին բնակարաններ, հիմնականում, հատկացվել են սոցիալական  բնակարանային ֆոնդից:

«Այդ նպատակի համար, ըստ նախնական հաշվարկների՝  անհրաժեշտ է 1,9 մլրդ դրամ։ Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն ՀՀ տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ»,- ասել է նախարարը:

Բացի այդ, որոշմամբ հաստատվող ծրագրի շահառուները հոգեբանական աջակցության, անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ստանալու ճանապարհով կտեղավորվեն աշխատանքի կամ հնարավորություն կստանան ինքնուրույն ապահովել իրենց զբաղվածությունը: Նախատեսվում է նաև  բարելավել կազմակերպություններում բնակվող անձանց մատուցվող սոցիալական ծառայությունների մակարդակը և հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրման գործընթացը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  Հայաստանի բազմաթիվ բնակարավայրերում այդ գումարով հնարավոր է բնակարան գնել. «Բայց եթե մարդն աշխատել է, ունի միջոցներ և ցանկություն, ապա կարող է  ձեռք բերել ավելի թանկարժեք  բնակարան»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ խնդիրը կառավարությունը լուծում է հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում խնայված, գոյացած միջոցների հաշվին:  

Վարչապետը նշել է նաև, որ  նման որոշումները ռազմավարական առումով հայեցակարգային խնդիր ունեն. «Ես կնախընտրեի, որ այս 1,9 միլիարդն ժամանակին ծախսված լիներ նրանց կրթության վրա, որպեսզի հիմա նրանք որևէ մեկի կարիքը չունենային և այսօր, օրինակ՝ IT ոլորտում 100 տոկոսով երաշխավորված աշխատանք ունենային, վարձով ապրեին՝ 6 ամիս, մեկ տարի և իրենց վաստակած աշխատանքով հիպոթեկային վարկ վերցնեին և իրենց համար բնակարան գնեին: Այսօր մենք այդպիսի վերաբերմունք, ցավոք սրտի, չենք կարող ունենալ, որովհետև 20 տարի առաջ՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ պատճառով, այս քաղաքականությունը չի վարվել»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մանկատան երեխաների նկատմամբ պետության  ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթություն տալը, որպեսզի նրանք կարողանան հասուն տարիքում իրենց բարեկեցությունն ապահովել արժանապատիվ, ազնիվ աշխատանքով՝ չունենալով որևէ մեկի գթասրտության անհրաժեշտությունը: «Պետք է ռազմավարական հստակ մոտեցումներ ունենանք, այսօր ստեղծենք պայմաններ, որպեսզի 20 տարի հետո մանկատնից դուրս եկած երեխաները կառավարության մոտ հացադուլ անելու անհրաժեշտություն չունենան»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը նշել է նաև, որ տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը հուսահատության համակարգեր են:

«Իհարկե, քննադատությունները շատ ուշադիր պետք է լսել, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ մեր աշխատատեղը կրճատում եք, այս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ, դա չի լսվելու, որովհետև նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ի՞նչ խնամք է տեղի ունեցել: Նույնիսկ եթե նախկին չափանիշներին համապատասխան տեղի է ունեցել բարեխիղճ խնամք, այդ չափանիշները մեզ ձեռնտու չեն: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, տարեցները պետք է խնամվեն, որովհետև պետությունն է նրանց պատասխանատուն, ժամանակակից ամենաբարձր ստանդարտներով: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ այսօրվա մեր միջոցներով, ճիշտ կազմակերպելու դեպքում, այդ ստանդարտները կարելի է շատ արագ, էականորեն բարձրացնել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է մեկ տարվա  ընթացքում  կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ խնայվել՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Իսկ  նախկին տարիներին ո՞ւր են եղել այդ 3-4 միլիարդները,  ինչո՞ւ չեն ծառայացվել այս նպատակներին, ինչո՞ւ  այդ երեխաների համար մինչև հիմա բնակարաններ չեն գնվել, ինչո՞ւ աղքատ ընտանիքներին շանս չի տրվել, որ իրենց  աշխատանքով իրենց աղքատությունը հաղթահարեն. որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս  հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել: Եվ այս քաղաքականությունն իրականացրած մարդիկ, օգտվելով Հայաստանի ժողովրդավարությունից և այլ, ուզում են ինչ-որ բան անեն, խոսում են, բարձրաձայնում են: Լավ են անում՝ սահմանադրական իրավունք է: Թող բոլորը հիշեն, որ ոչ մի բան չի մոռացվելու և ոչինչ չի մոռացվել: Ամեն ինչի համար, իր ժամանակին պատասխանը գալու է: Այս երեխաների ճակատագրերի համար պետք է լինեն պատասխանատուներ: Կլինի քրեական , վարչական, քաղաքական, թե բարոյական, բայց պատասխանատվությունն անխուսափելի է: Սա է ամենակարևոր արձանագրումը»:

 

Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի. վարչապետ

Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի ներդրման նպատակով կառավարությունը վերաբաշխում է կատարել 2019 թ. պետբյուջեում և  փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշումը կնպաստի հանրապետությունում գործազրկության մակարդակի նվազեցմանը, կայուն զբաղվածության ապահովմանը: Մասնավորապես, առաջարկվում է կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կիրառել լրացուցիչ 1000 ընտանիքների համար, նրանց ընտրելով նպաստառու՝ անասնապահությամբ զբաղվող 29100 ընտանիքներից: Ընտրված ընտանիքները կստանան անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն, անասնակեր և մշտական խորհրդատվություն: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում: Փոփոխության արդյունքում կապահովվի՝ ծրագրում ընդգրկվելու պարագայում նպաստի իրավունքի պահպանման դրույթը:

Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի: «Սա շատ կարևոր ծրագիր է: Ընդհանրապես, սա պետք է լինի աղքատության հաղթահարման մեր քաղաքականությունը և կա, որովհետև մենք ասում ենք և շատ հստակ ուղերձ ենք հղում մեր հանրությանը՝  աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ աղքատության հաղթահարման առաջնային գործիք պետք է համարել կրթությունը. «Ինչպես ընդունված է ասել՝ կրթությունն է, որ մարդուն աշխատանքի շուկայում տալիս է մրցունակություն: Սակայն պետք է հստակ արձանագրել՝ դիպլոմը դեռևս կրթություն չէ: Այս հարցի լուծումն է, որ պետք է լինի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործունեության առաջնահերթությունը»:

Վարչապետը կարևորել է նաև մասշտաբային այս ծրագրի իրականացման ընթացքում չարաշահումների բացառումը և նշել, որ վերահսկողություն իրականացնող, իրավապահ մարմիններն այդ հարցը պետք է պահեն ուշադրության կենտրոնում:

Անդրադառնալով ծրագրի իրականացման համար տրամադրվող միջոցներին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ծրագիրը մենք իրականացնում ենք սոցիալական նպաստի հոդվածներով ունեցած  խնայողությունների արդյունքում: Ո՞նց են այդ խնայողությունները գոյացել: Գոյացել են հետևյալ կերպ՝ մի քանի քրեական գործեր են հարուցվել: Բոլորի համար հստակ ուղերձ են հղվել և բոլորին պարզ է եղել, որ կեղծ նպաստառուներով փողեր հանելու և յուրացնելու պրակտիկան ամենակոշտ և չոր հակազդեցության է արժանանալու:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարի գործունեության արդյունքում շատ հստակ վերահսկողական մեխանիզմներ են սահմանվել և այս տարի, կես տարվա արդյունքներով արդեն 2.7 մլրդ տնտեսում ունենք: Այս գումարի մի մասն, այն գումարն էր, որ բացահայտված մեխանիզմներով պտտվում և դուրս էին գալիս կոնկրետ պաշտոնյաների գրպաները, որոնց մի մասը հետախուզման մեջ են կամ հայտաբերվել են: Երբ ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար, ապա այդ պայքարը  բերում է այս արդյունքներին, որպեսզի մենք հնարավորություն ունենանք այդ  չգողացված փողերով Հայաստանի Հանրապետության 1000 ընտանիքի համար այս հնարավորությունը ստեղծենք»:

 

Հոգեկան և մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատող մասնագետների նվազագույն աշխատավարձը  կավելանա 30 տոկոսով

Բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ, այդ թվում՝ աուտիզմ ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների համար սոցիալ-աշխատանքային միասնական երաշխիքներ ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել նման  խնդիրներ  ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողներին  աշխատավարձի հավելում վճարելու իրավական հիմքը: Արդյունքում՝ այդ կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների`  սոցիալական աշխատողի, սոցիալական մանկավարժի, դաստիարակի, մեթոդիստ համակարգողի, էրգոթերապիստի, խմբավարի (ըստ ուղղությունների), հատուկ մանկավարժի (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ), հոգեբանի (այդ թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհու, դայակի, հոգեբույժի, բուժքույրի, ադապտիվ ֆիզկուլտուրայի և աշխատանքային թերապիայի մասնագետների նվազագույն աշխատավարձը  2020 թ. հունվարի 1-ից կավելանա 30 տոկոսով:

 

Կընդլայնվի խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով  կավելացվեն հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում այգիների հիմնման համար  սահմանված սահմանաչափերը, 0.5-10 հա այգիներ հիմնող տնտեսավարողների պետական աջակցության չափը: Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կբարձրանա ծրագրի արդյունավետությունը` հնարավորություն տալով նրանում ընդգրկվել ավելի լայն շահառուների շրջանակ:  Մասնավորապես, տնտեսավարողները հնարավորություն կունենան ստանալ պետական աջակցություն (վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ)  0.5 - 100 հա այգեհիմնումներ կատարելու համար (գործող ծրագրով՝ 0.5 - 10 հա)  և  բոլոր  0.5 - 10 հա-ի վրա այգեհիմնումներ կատարող շահառուները կարող են ստանալ պետական աջակցություն ծախսերի փոխհատուցման եղանակով՝ կատարված ծախսերի 50 տոկոսի չափով (գործող ծրագրով՝ 0.5 - 5 հա խաղողի այգու, 0.5 - 3 հա ինտենսիվ պտղատու այգու և հատապտղանոցի հիմնման համար՝ կատարված ծախսերի 40 տոկոսի չափով, իսկ սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար` ծախսերի 50 տոկոսի չափով): Ծրագրին ավելի լայն շահառուների շրջանակի մասնակցությունը կխթանի նոր այգիների հիմնման գործընթացը, կավելանան այգիների տարածքները, հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները:

 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը և նշել, որ այն կնպաստի ծրագրից օգտվելու հնարավորությունների մեծացմանը. «Քննարկումների արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով ընթացիկ վիճակագրությունը՝ եկանք այս որոշման.  վարկերից օգտվելու այդ հնարավորությունը մեծացնում ենք 10 անգամ, իսկ ծախսերի փոխահատուցման հետ կապված՝ 2-3 անգամ»:

 

Միջազգային համագործակցություն. կբարելավվի Հայաստանի ճանապարհների անվտանգությունը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, խոսքը 4,2 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրի մասին է, որի նպատակը ՀՀ-ում լայնածավալ ճանապարհաշինությանը զուգահեռ անվտանգության ապահովման խնդիրն է: Դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՝Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան), Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը: Նախատեսվում են   Հայաստանի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացում՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով, ինչպես  նաև վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողություն, ճանապարհային անվտանգության իրազեկում և ուսուցում: Միջոցները կուղղվեն նաև ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստմանը, ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայմանը՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական Միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։ Արդյունքում, մասնավորապես, կբարելավվի առնվազն 30 վտանգավոր կետ, մոտ 20 տոկոսով կնվազի մահվան ելքով ճանապարհային վթարների թիվը:

 

Կբարելավվեն  9 ուսումնական հաստատությունների շենքային պայմանները

Հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանորոգման և վերակառուցման անհրաժեշտությունից ելնելով՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է գումար հատկացնել Արարատի մարզի Մասիսի N 5,, Երևանի Գ. Զոհրապի անվան N 97, Երևանի N 195, Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան, Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17, Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցներին և Սարդարապատի,  Արագածոտնի մարզի Վարդենիսի միջնակարգ դպրոցներին  ամրացված շենք-շինությունների վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ նախագծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության համար: Արդյունքում՝ կբարելավվեն թվով 9 ուսումնական հաստատությունների շենքային պայմանները՝ լուծելով հրատապ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մասնաշենքերի հարկերի, տանիքների, մարզադահլիճների, սանհանգույցների վերանորոգումը, ջեռուցման համակարգերի վերակառուցումը:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ վերաբաշխում է կատարել պետբյուջեում և գումար հատկացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ գերատեսչության պայմանների բարելավման, «Ուսուցչի օրվա» առթիվ ուսուցիչներին խրախուսման նպատակով: Մասնավորապես,  21898.8 հազար ՀՀ դրամ կուղղվի «Ուսուցչի օրվա» առթիվ  հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին պարգևատրում» միջոցառմանը: Համակարգիչներ կտրամադրվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 77 մանկավարժներին: 

 

 

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Հայաստանում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչային նախապատրաստական աշխատանքները  կմեկնարկեն նոյեմբերի 14-ից, իսկ զորակոչը՝ դեկտեմբերի 16-ից: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով որոշմամբ կսահմանվի նաև  զորակոչային հանրապետական հանձնաժողովի կազմը և կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը: Վերջինս այս տարի նախագահելու է ոչ թե հանրապետության զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Նոր փրոջեկտս» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է խանութների համար նախատեսված կահույքի արտադրության համար։ Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 152 մլն դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 30 նոր աշխատատեղ՝ 210 հազար դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի հիմնական մասը կիրացվի Հայաստանում և  ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:       

Կառավարության համապատասխան որոշմամբ  ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող և ՀՀ տարածքից դուրս ավարտվող  օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող փոստային ծառայության ամբողջ ծավալի և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով ՀՀ կառավարության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]