Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմմոնո Plus» թատերական փառատոնի երևանյան փուլը կմեկնարկի պրեմիերայով

 «Արմմոնո Plus» թատերական փառատոնի երևանյան փուլը կմեկնարկի պրեմիերայով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 7-20-ը կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ թատերական փառատոնի երևանյան փուլը: Այն կմեկնարկի պրեմիերայով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո Plus» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ մեկնարկը տրվելու է Հայաստանի թատերական գործիչների միությունում՝ Անի Գևորգյանի մասնակցությամբ «Կամելիազարդ տիկինը» մոնոներկայացմամբ:

«Ընդհանուր առմամբ կցուցադրվի 5 մոնոներկայացում` Անի Գևորգյան` «Կամելիազարդ տիկինը», Աննա Վարդանյան` «Կինը», Էրիկ Գրիգորյան` «Վրիժառուն» Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնից, Մերի Սահակյան` «Մի կյանքի պատմություն» Էջմիածնի «Մաչանենց» թատրոնից, Լիանա Ավետիսյան` «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» Աբովյանի դրամատիկական թատրոնից: Ինչպես տեսնում եք ակտիվություն է նկատվում մարզերում: Ոչ միայն Երևանից բեմադրություններ ենք տանում մարզեր, այլև այնտեղ են ծնվում նոր  ներկայացումներ»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը: Նա նկատեց, որ ակտիվ է երիտասարդների մասնակցությունը: Նրանք մեծ ոգևորությամբ իրենց մասնակցությունն են ունենում մոնոներկայացումներում:   

Բեմադրիչ Գալուստ Ներսիսյանը նշեց, որ արդեն մեկ տարի է աշխատել են «Կամելիազարդ տիկինը» ներկայացման ուղղությամբ: Իհարկե, հիմքում Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունն է, կա նաև իրենց մոտեցումը:

«Հերոսուհին բալետի պարուհի է, ինչը վեպի հետ կապ չունի: Կերպարի հետ կապված, պետք է ասեմ, որ դերասանուհի Անի Գևորգյանը, հսկայական գործ է կատարել՝ պարեր, փորձեր ու փորձեր: Ինձ ապշեցնում է նրա աշխատասիրությունը»,-ասաց Գալուստ Ներսիսյանը:

Դերասանուհի Անի Գևորգյանը նշեց, որ բեմադրության համար «Կամելիազարդ տիկինը» ընտրելը բարդ գործ էր, ինչ-որ տեղ մի փոքր ռիսկային:

«Յուրաքանչյուրը, ով լսում է վերնագիրը, չի կարող անտարբեր անցնել: Այն այնքան սիրված է, որ յուրաքանչյուրն ուզում է տեսնել, գուցե, իր կամելիազարդ տիկնոջը: Շնորհակալ եմ, որ վստահվեց ինձ այս պատասխանատու գործը: Կարող եմ ասել, որ հրաշալի համագործակցություն ստացվեց»,-ասաց Անի Գևորգյանը:

Փառատոնի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի 4 պիեսի թատերականացված ընթերցում, մասնավորապես, Ժակլին Մնոյանի կողմից կընթերցվի  Մ. Մակդոնախի  «Բարձ Մարդը» ստեղծագործությունը, Թեհմինե Խաչատրյանի կողմից՝ Հ․Թեքգյոզյանի «Մատնահետք»-ը, Ծովինար Մարտիրոսյանի կողմից Չ. Այթմաթով «Կառափնարան»-ը: Լիլիա Մուկուչյանն էլ կընթերցի Մանվել Խաչատրյանի Ֆ. Դոստոևսկի «Խեղճ մարդիկ»-ը ստեղծագործությունը: 

«Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագրի շրջանակում  ուսանողները հնարավորություն կունենան շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ:  «Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-22-ը փառատոնն անցկացվել է Տավուշի մարզում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում ցուցադրվել է «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:

«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել մշակութային փառատոների շարքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]