Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կինոն հեքիաթ է, կինո ստեղծողը` հեքիաթասաց. Դավիթ Սաֆարյանն ավարտել է «Հեքիաթ. Սարյան» ֆիլմի սցենարը

Կինոն հեքիաթ է, կինո ստեղծողը` հեքիաթասաց. Դավիթ Սաֆարյանն ավարտել է 
«Հեքիաթ. Սարյան» ֆիլմի սցենարը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը սկսել է Մարտիրոս Սարյանի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող կինոնկարի ստեղծման աշխատանքը։ Սաֆարյանի ֆիլմերը կրկին, ինչպես և 90-ականներին, մեծ հետաքրքրություն են առաջացնում միջազգային ասպարեզում և որոշակի պահանջարկ ունեն հատկապես արևմտաեվրոպական կինոշուկայում։ Ռեժիսորի խոսքով`նա նպատակ ունի ներկայացնել Վան Գոգի, Գոգենի, Պիկասոյի մակարդակի բարձունքին կանգնած մեր մեծ նկարչին, որն, այնուամենայնիվ, աշխարհին  ըստ արժանվույնս հայտնի չէ։ Սաֆարյանն ավարտել է  «Հեքիաթ. Սարյան» ֆիլմի սցենարը, որն արդեն թարգմանված է մի քանի լեզվով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսորը մանրամասներ հայտնեց իր նախաձեռնության մասին:

Սցենարի ծնունդը

Ֆիլմը լինելու է խաղարկային, Սարյանի գործերին մոտ պատկերաշարով և նրան հոգեհարազատ ոճով։ Չորս դերասաններ մարմնավորելու են Սարյանին՝ հինգ տարիքային ժամանակաշրջանում: Կան մի խումբ թեկնածուներ։ Ամենափոքր տարիքի Սարյանին դեռ որոնում եմ: 12-14-ամյա Սարյանին գտել եմ։ Մնացած դերակատարների վերաբերյալ վերջնական որոշում կայացված չէ, և դեռ վաղ է անուններ բարձրաձայնելը: Սցենարական աշխատանքներն ավարտված են։ Ոգևորության զգացում եմ ապրում։ Ուրախ եմ, հուզում է: Դա կարևոր է. եթե ինձ չհուզի, ուրիշին, ինչպե՞ս կարող է հուզել։ Բացի դրանից՝ սցենարը կարդացել եմ ինձ մտերիմ անձանց, նրանց՝ ում մասնագիտական կարծիքը թանկ և կարևոր է ինձ համար, և պարզել եմ, որ միայնակ չեմ իմ զգացումների մեջ։ Այնպես որ, հուսանք՝ լավ սկիզբ է դրված։ Իմ նախորդ խաղարկային ֆիլմերի սցենարները գրվել են  համահեղինակների մասնակցությամբ: Նույնիսկ առաջին տարբերակը կամ գրական հիմքը հենց իրենցն է եղել, և նրանց անչափ շնորհակալ եմ։ Բայց սա այն դեպքն էր, երբ ոչ ոք ինձ համար չէր կարող այս սցենարը գրել, նաև հնարավոր չէր պատկերացնել որևէ համագործակցություն այս փուլում։ Ո՞վ կարող էր տեսնել այն, ինչը, աչքերս փակելով, տեսնում էի ֆիլմի մասին մտածելիս։ Եթե կարդաք (սցենարը, միգուցե, հրատարակվի), կարծում եմ, պարզ կդառնա` ինչի մասին է խոսքը։

Ֆիլմը ստացել է զարգացման փուլի համար պետական աջակցություն: Սպասվում է աջակցություն նաև հաջորդ՝ արտադրության փուլի համար: Եվ չնայած այն բանին, որ աջակցության չափը բավարար չի լինի աշխատանքների ողջ  ծավալի լիակատար իրագործման համար, այնուամենայնիվ, սա որոշակի կարգավիճակ է և, հնարավոր է, կարևոր գործոն կհանդիսանա մեր բանակցությունների ընթացքում համատեղ արտադրողի հետ։ Իսկ դրա անհրաժեշտությունն անխուսափելի է։ Այդ դեպքում էլ մի հարց կառաջանա, որի լուծումը ինձ համար բացարձակ կարևորություն ունի։ Դա է՝ կողմերի մասնակցության չափը։ Հայաստանը միացել է Համատեղ ֆիլմարտադրության միջազգային կոնվենցիային, որի պայմանների համաձայն ֆիլմը կարող է ազգային համարվել և երկիրը համատեղ արտադրության երկիր միայն այն դեպքում, երբ նրա ներդրումը կազմում է ընդհանուր ծախսերի որոշակի մասը․ երկու մասնակից երկրների դեպքում՝ առնվազն 20 տոկոսը, երկուսից ավելի երկրների մասնակցության դեպքում՝ առնվազն 10 տոկոսը։ Ֆիլմը նկարահանվելու է 12 երկրում, տարվա չորս եղանակներին, կատարվելու են մեծ թվով տեխնիկական բարդ նկարահանումներ։

Ֆիլմում լինելու են բարձր տեխնոլոգիաների և ոլորտում ամենաժամանակակից նվաճումների օգտագործմամբ հատուկ հնարքներ (էֆեկտներ)։ Քանի որ մեր պետական միջոցները խիստ սահմանափակ են, իսկ ֆիլմի բյուջեն՝ մեծ, մեզ անհրաժեշտ է լինելու հայթայթել ոչ միայն պետական ֆինանսավորման աղբյուր՝ հայկական կողմի բավարար չափով մասնակցությունը ապահովելու համար։ Ես ամենաշատը չէի ցանկանա, որ Մարտիրոս Սարյանի մասին ֆիլմը, թեկուզ և համատեղ արտադրված, հայկական չհամարվեր։

Կինոռեժիսորը հավատում է գաղափարի հաջողությանը

Ֆիլմի իրագործման ծրագիրը, նրա առանձնահատկությունները, հիմնավորված ծախսերը և մյուս պարամետրերը ներկայացնելու եմ 2020-ի փետրվարին՝ նախ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, ապա Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահի Սարյանի դահլիճում։ Կարծում եմ այս քայլն ավելի վառ կփաստի մեզանում այս ֆիլմը ունենալու և աշխարհին մեր անհերքելի արժեքները ներկայացնելու անհրաժեշտությունը։ Գուցե միամիտ կարծիք է, բայց նույնիսկ համոզված եմ, ոչ, հավատում եմ, որ այդ քայլերից հետո չեմ դժվարանա համախոհ-գործընկեր, այս մտահղացումը իրականացնելու համար ներդնող գտնել։ Եվ սա բնավ զգույշ մեկնած բաց ափ չէ, որի մեջ հույս ունես, որ ինչ-որ, գոնե մի փոքր, ողորմություն կընկնի։ Սա ուժեղ, համոզմունքով մեկնած ձեռք է համախոհի, գործընկերոջ ձեռքը սեղմելու նպատակով։ Թե խորհրդանիշի պահանջ առաջացավ, ապա՝ թո՛ղ այսպիսի խորհրդանիշ լինի։

Մի բան էլ ասեմ։ Թող կարծիք չստեղծվի, թե կենսագրական ֆիլմ եմ նկարահանում։ Սա ավանդական կենսագրական կինոնկար չէ: Այո, այն հիմնված է լինելու Մարտիրոս Սարյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող  հայտնի և քիչ հայտնի փաստերի,  նրա չհրատարակված գրառումների վրա: Բայց, և դա ես դեռ մտահղացման փուլի ժամանակ եմ ասել, լինելու է ֆիլմ ուղղակի նկարչի մասին, այն մասին, թե որն է նկարչի տեղը, նրա դերը մեր կյանքում, ով է նկարիչը, ինչպես է տեսնում կյանքը, ինչպես է  նրա տեսածը տարբերվում մեր տեսածից և թե ինչպես է նա մեզ օգնում իր պես տեսնել և հիանալ։ Չէ՞ որ մեծերը հենց դա են արել: Իսկ Սարյանը այն քչերից է, որը կարողացել է յուրովի ընկալել աշխարհը և յուրովի այն ներկայացնել։

Շատ-շատերն են ընդունում, որ Սարյանը մեծություն է, բայց հայաստանցիները, երբեմն, անկեղծանում են` նշելով, որ չեն հասկանում նրա կտավների դեղին սարերը, կապտականաչավուն, մանուշակագույն ստվերները, իսկ գալիս է օտարը, տեսնում մեր բնությունը և բացականչում. «Օ՛, Սարյան է, Սարյանի գույնե՛րն են»:  Այո՛, Սարյանը չի հնարել, հորինել այդ գույները, նա տեսել է դրանք և ցույց տվել մեզ: Ֆիլմում լինելու է  դրվագ, երբ Սարյանը նկարում է բնությունը և աստիճանաբար իրական սարն ավելի ու ավելի ակնհայտորեն է սկսում նմանվել նրա նկարած սարին:

«Հեքիաթ. Սարյան»

Ասեմ վերնագրի մասին։ Արտասահմանում ֆիլմը հավանաբար այլ անվանում կունենա, իսկ Հայաստանում, կարծում եմ, ճիշտ է պահպանել, այսօր աշխատանքային համարվող, «Հեքիաթ. Սարյան» անվանումը:

Մարտիրոս Սարյանը հեքիաթի մեծ շարք ունի, և ֆիլմն էլ կառուցված է լինելու հեքիաթի տրամաբանությամբ. հեքիաթի է նմանվելու գաղտնիքի բացահայտումը, պարզությունն ու միաժամանակ՝ խորությունը: Այս ամենը Սարյանին էլ է բնորոշ։ Սարյանի հետ մտերիմ էր հայրս: Նրանց բարեկամության շնորհիվ մի քանի անգամ հանդիպել եմ Մարտիրոս Սարյանին. անմոռանալի է: Քսան տարեկան էի, երբ Սարյանը մահացավ: Արդեն որոշել էի, թե ինչով եմ զբաղվելու: Հեքիաթ պատմելն էլ Սարյանից եմ սովորել։ Ու մի բան էլ. տարիներ առաջ, դեռ շատ երիտասարդ էի, ինձ հարցրեցին իմ ռեժիսորական դիրքորոշման, կինոյին և կյանքին իմ մոտեցման մասին։ Արագ և կարճ պատասխանեցի՝ կինոն հեքիաթ է, կինո ստեղծողը` հեքիաթասաց: Մինչ օրս այդպես եմ մտածում: Ես դա մեր նախորդ հանդիպման ժամանակ էլ եմ ասել. «Չկա հեքիաթ մեծերի համար, փոքրերի համար: Հեքիաթը բոլորի համար է: Ի վերջո մեր կյանքն էլ է հեքիաթ»: Այս հանգամանքներով է պայմանավորված վերնագրի ընտրությունը։

Մի հանգամանք ևս։ Նկարչի մասին ֆիլմ ստեղծելու նպատակ ունենալով, ինչո՞ւ հենց Սարյանի վրա կանգ առա։ Մերն է։ Բայց էլի ունենք մեծ նկարիչներ՝ Սուրենյանցը, Կոջոյանը, Բաշինջաղյանը… Չթվե՛մ։ Մեր ազգը այդ առումով շատ հարուստ է։ Սարյանի դեպքում առկա է վառ արտահայտված, հիրավի հեքիաթային, դյուցազնային, էպիկական և մեր ժողովրդին բնորոշ մի հատկություն: Սարյանը անհամար ողբերգական օրեր, երկարատև ծանր շրջաններ է ունեցել իր կյանքում, բայց երբեք մեր ուսերին չի բարդել դա: Հաղթող է դուրս եկել և մարդկությանը նվիրել լույս, արև, հեքիաթ: Դա է Սարյանը։ Դա է այն փիլիսոփայությունը, մոտեցումը, որ հոգեհարազատ է ինձ, բնորոշ է ժողովրդիս։ Դա է  պատճառը, թե ինչու հենց Սարյան՝  Հեքիաթ-Սարյան։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]