Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Արա Դարզին կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Արա Դարզին կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի  առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին: «The Guardian»-ում հրապարակված հոդվածում Արա Դարզին նշել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և մտահոգված է նման գործընթացի բացակայությամբ Բրիտանիայի կառավարության կողմից:

«Որպես Բրիտանիայի խորհրդարանում առաջին հայ, անչափ ուրախ եմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ճանաչեց մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Բայց ես հիասթափված եմ, որ բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել մոտ 1,5 միլիոն հայերի սպանդը: Հայոց ցեղասպանության առնչությամբ ընդհանուր լռությունը ժամանակին մեջբերել էր Հիտլերը, երբ ծրագրում էր Եվրոպայի հրեական բնակչության բնաջնջումը: Իմ և իմ հայրենակիցների համար ուժգին ցավի աղբյուր է այն, որ մեր կառավարությունը համառորեն ժխտում է ցեղասպանությունը՝ ելնելով Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գործընկերոջը, նեղացնելու մտավախությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Արա Դարզին:

Նա հիշեցրել է, որ աշխարհի առնվազն 20 երկիր պաշտոնապես կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Եվրոպական խորհրդարանը: Այժմ էլ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն է միացել նրանց:

«Իմ մեծ պապը և նրա որդիները մահապատժի են ենթարկվել Օսմանյան կառավարական ուժերի կողմից 1915 թվականին: Նրա աղջիկը՝ իմ տատիկը, որն այդ ժամանակ դեռահաս էր, կարողացել է փրկվել: Նա իր մոր հետ շաբաթներ շարունակ Էրզրումից, որտեղ ապրել է նրա ընտանիքը, քայլել է դեպի Մոսուլ: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ ապրել ենք որպես փախստականներ»,-գրել է Արա Դարզին: Նա անազնիվ է համարում այն, որ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը: Արա Դարզին ընդգծել է, որ ցեղասպանությունը համընդհանուր հարց է՝ հիշեցնելով, որ մարդկությունը տեսել է Ռուանդայում, Դարֆուրում տեղի ունեցածը, այն, ինչ կատարվեց քրիստոնյա համայնքի հետ «Իսլամական պետության» ձեռքով Սիրիայում, Իրաքում:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևում ասվում է, որ կառավարությունը չպետք է իրեն ասոցացնի «հայերի կամ այլ ցեղասպանությունների ժխտման հետ»: Մեր խորհրդարանը պետք է անի նույնը»,-գրել է Արա Դարզին:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ