Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանում կքննարկեն կեղծված ապրանքների դեմ պայքարելու մեխանիզմները

ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանում կքննարկեն կեղծված ապրանքների դեմ 
պայքարելու մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության  երկրների տարածքներում կոնտրաֆակտ, այլ կերպ ասած՝ կեղծված, նմանակված ապրանքների շրջանառությունը կանխելու, հեղինակային իրավունքները պաշտպանելու ընդհանուր նպատակը անդամ երկրների պետական և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին «Անտիկոնտրաֆակտ» համաժողովի շրջանակում կբերի Հայաստան: «Արմենպրես»-ը Երևանում նոյեմբերի 12-13-ը նախատեսվող «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովի մասին զրուցել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանի հետ:

«Կոնտրաֆակտը իրավական պահպանություն ունեցող ապրանքային նշանով կամ հեղինակային իրավունքով պահպանվող ապրանքների կեղծումն է: Օրինակ՝ այն ապրանքները, որոնց վրա կամ որոնց փաթեթավորման կամ պիտակների վրա ապրանքային նշանն օգտագործված է ապօրինի, համարվում են կոնտրաֆակտ կամ կեղծված, նմանակված: Խնդիրը, թերևս, ամեն տեղ կա, սակայն տարբեր երկրներում կարգավորումների և միջոցառումների շնորհիվ խնդիրն ունի տարբեր մակարդակի արդիականություն: ԵԱՏՄ-ում խնդրի արդիականությունը բարձր է, քանի որ վերահսկողությունը դեռևս այն մակարդակի չէ, որ կարողանանք բացառել կեղծ ապրանքների օգտագործումը։ Հաշվի առնելով կոնտրաֆակտ ապրանքների շրջանառության առանձնահատկությունները՝ լայն աշխարհագրությունը, մասնավորապես մեկ երկրից մեկ այլ երկիր ներկրելու և իրացնելու լայն մասշտաբների հասնող պրակտիկան, նման երևույթների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է միջազգային ակտիվ համագործակցություն, որը իրականացվում է նաև նման բարձր մակարդակի միջազգային ֆորումների միջոցով», - ասաց Մարգարյանը:

 «Անտիկոնտրաֆակտը» ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկումների անցկացման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: Դրան մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների ներկայացուցիչները, հասարակական մասնավոր կազմակերպությունները, տարբեր փորձագետներ, գիտնականներ և այլք:

Փոխնախարարը նկատեց՝  կեղծված ապրանքները ոչ միայն խախտում են ապրանքային նշանի իրավատիրոջ կամ հեղինակի հեղինակային իրավունքը, այլ նաև բազմաթիվ վտանգներ են պարունակում: Այդ ապրանքների որակի, անվտանգության հարցում միշտ չէ, որ կարելի է վստահ լինել: Օրենքը պաշտպանում է ապրանքային նշանի նկատմամբ իրավատիրոջ իրավունքը, ստեղծագործության նկատմամբ հեղինակի իրավունքը: Իրավատերերի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, մաքսային մարմինները և դատարանները:  Փոխնախարարն իրավապահ մարմինների և հանրության իրազեկվածությունը բարձրացնելու կարիք տեսավ: Նա միևնույն ժամանակ նկատեց, որ այս թեման հատկապես կարևոր է Եվրասիական տնտեսական միության ձևավորման համատեքստում: Ապրանքների ազատ տեղաշարժը մեկ մաքսային տարածքում ՝ պետական վերահսկողության բացակայության պայմաններում, բարդացնում է արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու աշխատանքը:

«Այժմ, եթե նույնիսկ անդամ երկրներից մեկի մոտ ամեն ինչ լավ է, հաջողել է պայքարել դրա դեմ, ապա միևնույն է, այդ ապրանքը կարող է մուտք գործել մեկ այլ երկրից», - ասաց նա ու հավելեց՝  պետք է կարողանալ ԵԱՏՄ ողջ տարածքում այդ միջոցառումներն արդյունավետ իրականացնել: Հենց այս նպատակին է օգնության գալիս «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումը: Համաժողովի նպատակն է մասնակիցների համախմբված դիրքորոշման և առաջարկությունների ձևավորումը՝ ուղղված արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ հակազդմանը, մաքսային կարգավորումների կատարելագործմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը, արդյունաբերական արտադրանքի ստանդարտացմանը, արդյունաբերական արտադրանքի որակի արդյունավետ վերահսկողությանը և այլն:

Նաիրա Մարգարյանը շեշտեց՝ կփոխանակվեն փորձով, կհասկանան, թե ինչպես են պայքարելու խնդրի դեմ: Խնդիրները հավաքագրվելու են տեղական արտադրողներից, տարբեր կազմակերպություններից, որոնք բախվում են այդ խնդիրների հետ: «Անտիկոնտրաֆակտ 2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ»  միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:

Այս տարվա միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու է չորս հիմնական հարց՝ իրավակիրառությունը կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ հակազդեցությունը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում, արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ձևավորումը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]