Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Համաշխարհային բրենդերը՝ Made in Armenia մակնշմամբ. Հայաստանում բացվեց կարի չորս խոշոր ֆաբրիկա

Համաշխարհային բրենդերը՝ Made in Armenia մակնշմամբ. Հայաստանում բացվեց կարի 
չորս խոշոր ֆաբրիկա

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք համաշխարհային բրենդերի հագուստներն այսուհետ կարտադրվեն Հայաստանում և կարտահանվեն եվրոպական ու ռուսաստանյան շուկա՝ «Պատրաստված է Հայաստան» մակնշմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սարտեքս», «Ասա Գարմենտ», «Ալեքս տեքստիլ» և «Տեքսաս փրոդաքշն» ընկերությունների 4 կարի ֆաբրիկաների բացման արարողությունը կայացավ նոյեմբերին 1-ին։ Ներկա էր  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շրջեց, ծանոթացավ արտադրական գործընթացին, արտադրանքին:

«Այստեղ ապագայում կաշխատի ավելի քան 3000 մարդ: Արտադրանքը հիմնականում արտահանվում է եվրոպական, նաև ռուսական շուկա, տեղում իրացում չկա: Բոլոր ապրանքները «Made in Armenia» մակնշմամբ են»,-ասաց «Ասա Գարմենտ», «Ալեքս տեքստիլ» և «Տեքսաս փրոդաքշն» ընկերությունների տնօրեն Մարատ Մովսիսյանը:

«Սարտեքս» ընկերությունը հիմնադրել են իտալական «Սարտիս» և հայկական «Ալեքս տեքստիլ» ընկերությունները: «Սարտեքս»-ը հանդիսանում է Հայաստանում իտալական «Սարտիս» -ի ներկայացուցիչը : Ընկերությունը զբաղվում է հանրաճանաչ MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդերի հագուստի արտադրությամբ։ Դրանք արտահանվում են Իտալիա, որտեղից էլ ամբողջ եվրոպական շուկա: Մեր նպատակն այն է, որ ստեղծենք այնպիսի մշակույթ, որ Հայաստանում տեքստիլը չզարգանա միայն նրա համար, որովհետև աշխատուժն ավելի էժան է: Մենք ուզում ենք, որ «Made in Armenia» ապրանքային նշանը լինի որակի երաշխավոր»,-ասաց ընկերության տնօրեն Մխիթար Աղաբեկյանը:

Ընկերությունն այս պահին արդեն աշխատատեղ է ստեղծել 400 մարդու համար, նախատեսում են 7 արտադրական հոսքագծից հասնել մինչև 40 արտադրական հոսքագծի, որը թույլ կտա ընկերությունում ունենալ մինչև 2500 աշխատակից: Ներկայում ընկերությունում աշխատավարձի երկու սանդղակ կա՝ 100 հազար դրամ և 70 հազար դրամ: 70 հազար ստանում են նրանք, ովքեր դերձակի փորձ չունեն: Սակայն ընկերության նախաձեռնությամբ վերապատրաստումներից հետո հետագայում աշխատավարձերը կբարձրանան՝ հասնելով մինչև 170-180 հազար դրամի:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Նորաբաց «Ասա Գարմենտ»-ը  հայ-չինական ընկերություն է, որն այս պահին զբաղվում է ֆրանսիական «Ջեննիֆեր» բրենդի հագուստի արտադրությամբ: Ընկերությունը բանակցություններ է վարում նաև «Զառա» ապրանքանիշի  հագուստ արտադրելու համար: Այս պահին այն աշխատատեղ է ստեղծել մոտ 300 հայաստանցու համար, շուտով աշխատակիցների թիվը կհասնի մինչև 1000-ի:

 «Ալեքս տեքստիլ»-ը հագուստ է արտադրում ռուսական ընկերությունների համար, իսկ «Տեքսաս փրոդաքշն»-ը շապիկներ են արտադրում թե ռուսական, թե եվրոպական բրենդների համար:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ հայկական արտադրանքը մրցունակ է արտերկրի շուկաներում, և մեզ համար հպարտանալու առիթ է, որ աշխարհի տարբեր ծայրերում կարելի է գնել հագուստ և պիտակի վրա կարդալ՝ արտադրված է Հայաստանում»,-ասաց «Ալեքս տեքստիլ»-ի սեփականատեր Աստղիկ Ալեքսանյանը:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ