1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվս մեկ հաջողություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում

Եվս մեկ հաջողություն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող  բանաձև: Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևեր տարբեր կոնգրեսականներ նախկինում ևս ներկայացրել են: 2000թ.-ից ի վեր սա կոնգրեսականների կողմից ներկայացված թվով չորրորդ բանաձևն է, որն, ի տարբերություն նախորդ երեքի,  հասել է մինչև քվեարկության փուլ  և ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 405 կողմ և 11 դեմ, ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կողմից:

ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատի կողմից  Հայոց ցեղասպանությունը  ճանաչող բանաձևի ընդունումը  նոր խթան է ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի,  այնպես էլ  հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից:  Այն կարևոր նախաձեռնություն է, որը վերահաստատում է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի դիրքորոշումը մեզ համար կարևոր այս հարցի վերաբերյալ:

Այս բանաձևի ընդունումը կարևոր է ցեղասպանությունների կանխարգելման ուղղված ջանքերի համատեքստում: Այն ունի նաև կարևոր բարոյական և քաղաքական նշանակություն, քանզի դրական խթան է  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մարդկության դեմ ուղղված ծանրագույն ոճրագործությունների դեմ պայքարում:

Չթերագնահատելով բանաձևի ընդունման կարևորությունը՝ միաժամանակ  այս  քայլը պետք է դիտարկել ռացիոնալության շրջանակներում: Նախ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում ևս՝  1975 և 1984 թվականներին, ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող  բանաձևեր:  Բացի այդ, այն իր տեսակով հանդիսանում է  պարզ բանաձև (simple resolution) և չունի իրավական ուժ:  Այն քվեարկության չի դրվելու ԱՄՆ Սենատում և չի ուղարկվելու նախագահին:

Կարևոր է ընդգծել, որ այս փուլում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը պատահական չէ՝ հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությունը՝ կապված Սիրիայում Թուրքիայի վերջին գործողությունների հետ, որոնք լուրջ դժգոհություններ են արժանացել Ներկայացուցիչների պալատի ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսականների շրջանում:  Հետևաբար, բանաձևի ընդունումը պետք է դիտարկել նաև միջազգային զարգացումների շրջանակներում՝ որպես հայ-ամերիկյան շահերի ճիշտ համընկնելու արդյունք:

Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ այժմ ԱՄՆ-ն նախագահական ընտրություների նախապատրաստման ակտիվ փուլում է և Ցեղասպանության թեման կարող է ներամերիկյան քաղաքական  դիսկուրսի առարկա դառնալ՝ 2020 թվականին սպասվող նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի համատեքստում: 

Ամփոփելով, պետք է նշել, որ Հայոց ցեղասպանությունը  ճանաչող  բանաձևի ընդունումը ԱՄՆ հայկական համայնքի, լոբբիստական կառույցների, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության լրջագույն ջանքերի արդյունք է, և այն կարող է հիմքեր ստեղծել հետագայում ԱՄՆ Կոնգրեսի կողմից այլ՝ ընդհուպ իրավական ուժ ունեցող բանաձևի ընդունման համար:

 

 

Աննա Չիչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]