Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լույս է տեսել «Երուսաղեմի հայկական թաղամասի գաղտնիքները» գիրքը

 Լույս է տեսել «Երուսաղեմի հայկական թաղամասի գաղտնիքները» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի առաջին` «Երուսաղեմի հայկական թաղամասի գաղտնիքները» գիրքը: Մեկ տարվա ընթացքում գրված գիրքը կարդալիս մարդիկ կծանոթանան հետաքրքիր և ուշագրավ պատմությունների` նվիրված Հայկական Երուսաղեմին և հայերի հետքերին այնտեղ:

Անդրադառնալով գրքի պատմությանը` Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն ասաց, որ գրեթե 17 դար հայ եկեղեցին Սուրբ Երկրում` հիմնականում Երուսաղեմում և մյուս կարևոր քաղաքներում, ներկայություն ունի, որի ընթացքում այնտեղ շատ կարևոր առաքելություն է իրականացնում: Գիրքը նախ այդ առաքելությանն է անդրադառնում: Երկարուձիգ դարերի ընթացքում հայ եկեղեցին Սուրբ Երկրում ստեղծել է պատմամշակութային և հոգևոր հարուստ ժառանգություն, որը հավուր պատշաճի չի ներկայացվել հասարակությանը: Դիվանապետն այս գրքով փորձել է անդրադառնալ հայկական այդ ժառանգությանը` դրանք հասանելի դարձնելով հայ ժողովրդին և օտարներին:

«Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունն իր կարևոր առաքելությունն է համարում վերոնշյալ ժառանգության պահպանումը, և մենք իբրև զինվորյալ միաբաններ` հավատարիմ ենք մնում մեր կոչմանը և առավելագույն կերպով ամբողջ ներուժը կենտրոնացնում այդ գործին: Կարծում եմ` Երուսաղեմում մեր ժառանգության պահպանման առումով վտանգ չկա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը`հավելելով, որ իրականում որևէ գաղտնիք չի բացահայտվում գրքում, հիմնականում այն երևույթների մասին է արծարծվում, որոնք հայտնի են միայն իրենց շատ նեղ շրջանակներին: Իհարկե, այնպիսի գաղտնիքներ զետեղված չեն գրքում, որոնց  մասին չեն կարող չկիսվել ընթերցողի հետ:

Հայր սուրբը Երուսաղեմի հայկական թաղամասի գաղտնիքները» գիրքը նվիրվել է Հայ դատի նվիրյալ առաջամարտիկ լուսահոգի Ժորժետ Ավագյանի անմար հիշատակին, որի հորդորներով և քաջալերանքով սկսել էր գրել գիրքը:

«Սա իմ լուռ խոնարհումն է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի երկարամյա ղեկավարին: Գիրքը գրեթե պատրաստ էր, երբ նա անակնկալ մահացավ: Այս բացառիկ հայուհու հիշատակը մշտավառ մնալու է բոլորիս հոգիներում»,-նշեց Հայր Կորյունը:

Գիրքը թարգմանվում է անգլերեն և եբրայերեն: Հաջորդ տարի նախատեսվում է երկրորդ և երրորդ գլուխների հրատարակումը` ներառելով, ընդհանուր առմամբ, 60 պատմություն: Ընթերցասեր հասարակությունը գիրքը կարող է ձեռք բերել Երևանի գրախանութներում:

Անդրադառնալով Երուսաղեմի հայ համայնքին` Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը կարևորեց, որ համայնքում բոլորն այսօր ապրում են զբաղված կյանքով, գրեթե գործազրկություն չի նկատվում տեղի հայերի շրջանակներում:  Նրանց մեծ մասը հիմնականում զբաղվում է առևտրով, ինչպես նաև կան տաղանդաշատ արվեստագետներ, արհեստավորներ և գրասենյակային աշխատողներ:

Գևորգ Չիչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]