Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

ՀՀ ԱԳ նախարարը խոսեց միջազգային հանրությանն ընկալելի լեզվով

ՀՀ ԱԳ նախարարը խոսեց միջազգային հանրությանն ընկալելի լեզվով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հյուրընկալվելով BBC-ի վարկանշային «Hard Talk»  հաղորդաշարին, հնարավորություն ստացավ մեզ համար կարևոր թեզերը հնարավորինս ընկալելի մատուցել արտաքին աշխարհին: Ստորև անդրադառնանք հարցազրույցի կարևորությանը՝ ընդգծելով ԱԳ նախարարի կողմից բարձրաձայնված  առանցքային հիմնական թեզերը.

ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը կասկածի տակ չի դրել մեր արտաքին քաղաքական գերակայությունները

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ պետք չէ աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ փնտրել, քանի որ այն բացառապես հայկական հարց էր: Հայաստանը որևէ գործընկեր պետության  հետ հարաբերությունները երբևէ չի կառուցել մյուս գործընկեր պետության հաշվին: «Մենք չենք մնում Մոսկվայի կողքին, մենք չենք մնում Բրյուսելի կողքին, մենք չենք մնում Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին: Մենք միայն Երևանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար»,- իր խոսքում նշեց ՀՀ արտգործնախարարը: Այս նույն տրամաբանության մասին է խոսում նաև ՀՀ վարած քաղաքականությունն ԱՄՆ-Իրան հարաբերությունների ներկայիս լարվածության ֆոնին, երբ Հայաստանը չի գնում կողմերից որևէ մեկին հաճոյանալու ճանապարհով՝ կասկածի տակ չդնելով մյուս կողմի հետ հարաբերությունները և սեփական երկրի շահերը:

Հայաստանն Արցախի բնակչության անվտանգության միակ երաշխավորն է

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որի շրջանակում Արցախի կարգավիճակը և անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթություններն են: Այս համատեքստում պատահական չէր ԱԳ նախարարի անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության հանդեպ իրականացրած մարդու իրավունքների լուրջ խախտումներին, որոնք շարունակվում են առ այսօր:  Հնարավոր չէ հասնել հակամարտության վերջնական և հարատև լուծման, քանի դեռ չկան Արցախի բնակչության անվտանգության լուրջ երաշխիքներ, որոնց շարքում թերևս ամենակարևորն Արցախի կարգավիճակն է, որ չի կարող լինել ավելի ցածր, քան ունենք այսօր:

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել առանց կողմերի հանձնառությունների ողջամիտ համաչափության

Միջազգային հանրության համար ևս մեկ անգամ հստակ ընդգծվեց, որ հնարավոր չէ ակնկալել հակամարտության մի կողմից փոխզիջումներ, երբ հակառակ կողմն անգամ ելույթների մակարդակում պատրաստ չէ խոսել դրանց մասին: Այս համատեքստում կարևոր էր շեշտադրումն առ այն, որ ՀՀ նոր իշխանություններն արդեն իսկ դրսևորել են կառուցողականություն՝ բազմիցս շեշտելով, որ Ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար: Մինչդեռ ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել պատասխան քայլով, այլև ամենաբարձր մակադրակով շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները: Հնարավոր չէ հանձնառու լինել զիջումների, երբ դիմացինդ ամեն պահի պատրաստ է հարվածելու:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ ՀՀ ԱԳՆ նախարարի կողմից հնչեցված հիմնական թեզերի ընտրությունը պատահական չէր, քանի որ դրանց հիմքում ընկած էին համամարդկային արժեքները և սեփական պետության շահի գիտակցումը:  

Լիանա Հովհաննիսյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ