Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիական հակամարտությունը նոր փուլ է մտնում

Սիրիական հակամարտությունը նոր փուլ է մտնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները և դրան հաջորդած զարգացումները, մասնավորապես, ԱՄՆ-Թուրքիա համատեղ հայտարարությունը, դրա արդյունքում հայտարարված զինադադարը, և ապա նաև ռուս-թուրքական փոխըմբռնման հուշագիրն էապես փոխում են սիրիական հակամարտության ընդհանուր խճանկարը: Ի՞նչ շահեց Թուրքիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների արդյունքում, ի՞նչ դրդապատճառներ էին ընկած Մոսկվայի և Վաշինգտոնի գործողությունների հիմքում:

Թուրքիա

Թուրքիային հաջողվեց իր գործողությունները համակարգել մի կողմից ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Իրանի հետ՝ արդյունքում փաստացի հասնելով անվտանգության գոտու ստեղծմանը Թել Աբյադի և Ռաս ալ Այնի միջև 120 կմ երկարության վրա: Թեև պետք է արձանագրել, որ սա Անկարայի համար դեռևս վերջնական նպատակի իրագործում չէ, և Թուրքիան ապագայում կփորձի հետամուտ լինել իր առավելագույն ծրագրի իրագործմանը (վերահսկողությունը հաստատել ավելի քան 400 կմ երկարությամբ տարածքների նկատմամբ): Թերևս պատահական չէ այն հանգամանքը, որ ինչպես թուրք-ամերիկյան, այնպես էլ ռուս-թուրքական համաձայնագրերում որևէ անդրադարձ չկա այն հարցին, թե որքան ժամանակ են թուրքական ուժերը վերահսկողություն իրականացնելու թուրք-սիրիական սահմանին: Սա հնարավորություն է տալիս Անկարային հետագայում ավելի ամրապնդել իր ազդեցությունն այս շրջանում՝ հավակնելով բռնակցել դրանք Թուրքիային:

Անվտանգության գոտու ստեղծման և քրդական ուժերի դուրսբերման արդյունքում Թուրքիան զգալիորեն նվազեցնում է քրդական գործոնի ազդեցությունն իր սահմանների մոտ՝ խափանելով նաև Թուրքիայի քրդերի հետ նրանց գործակցությունը: Ընդ որում, Ռուսաստանի հետ համաձայնության միջոցով Թուրքիան հավելյալ ճնշում է գործադրում քրդական ուժերի վրա, որոնք ամերիկյան զորքերի դուրսբերումից և թուրքական գործողության մեկնարկից հետո հույս ունեին շահավետ համագործակցություն ձեռք բերել Ռուսաստանի հետ:

Անվտանգության գոտու ստեղծմամբ Թուրքիան հնարավորություն է ստանում որոշակիորեն լուծել Թուրքիայում ապաստան գտած փախստականների խնդիրը (ավելի քան 3,5 միլիոն մարդ)՝ ծրագրելով մոտ մեկ միլիոնի վերադարձը քրդերից ազատված շրջաններ: Կարելի է ենթադրել, որ Թուրքիան այս շրջաններն առավելագույնս բնակեցնելու է թյուրքախոս բնակչությամբ՝ նպատակ հետապնդելով ամրապնդել իր ազդեցությունն այս գոտում:

Ընդհանուր առմամբ, Սիրիայի առանձին տարածքների նկատմամբ վերահսկողության հաստատմամբ Թուրքիան «նյութականացնում է» իր ազդեցությունը Սիրիայում և իր դերակատարումը՝ որպես սիրիական հակամարտության առանցքային կողմ:

Ռուսաստան

Փաստացի իր համաձայնությունը տալով թուրք-սիրիական սահմանին 32 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծմանը՝ Ռուսաստանն ընդլայնում է իր ազդեցությունը Սիրիայի հյուսիսային շրջաններում (այդ թվում՝ թուրքական ուժերի հետ համատեղ պարեկության իրականացման և մշտադիտարկման համատեղ մեխանիզմների ստեղման միջոցով) և ավելի ամրապնդում իր դերակատարումը որպես սիրիական հակամարտության առանցքային կողմ:

Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը, քրդական գործոնի թուլացումը բխում է Ռուսաստանի շահերից. Մոսկվային շատ ավելի հեշտ է բանակցել Աստանայի ձևաչափով իր գործընկերոջ՝ Թուրքիայի հետ, քան ԱՄՆ-ի կամ քրդական ուժերի: Միևնույն ժամանակ, թուրքական գործողության արդյունքում քրդական ուժերը ստիպված եղան երկխոսության գնալ պաշտոնական Դամասկոսի հետ, ինչին մեծապես ձգտում էր Մոսկվան, և առաջիկայում կարելի է ակնկալել, որ Ռուսաստանի կողմից ակտիվ ջանքեր են գործադրվելու քրդերի սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում ներգրավվելու համար:

Թուրքիայի հետ անվտանգության գոտու հարցում համաձայնության ձեռքբերումը նշանակում է, որ Թուրքիան համաձայնել է զիջել Ռուսաստանին Իդլիբի հարցում: Ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ սիրիական իշխանությունները ռուսական և իրանական ուժերի աջակցությամբ Իդլիբը վերջնականապես ազատագրելու ուղղությամբ գործողություններ կձեռնարկեն:

ԱՄՆ

Թուրքիային նման գործողություն «արտոնելով»՝ ԱՄՆ-ը փորձում է մեկընդմիշտ լուծել սիրիական հակամարտության հարցում իր ուղղակի ներգրավվածության հարցը (Սիրիայում նախատեսվում է շուրջ 200 ամերիկյան զինծառայողների ներկայություն՝ նավթային օբյեկտների հսկողության համար)՝ դուրս բերելով իր ուժերը Սիրիայից, ինչը լիովին համապատասխանում է դեռևս նախընտրական շրջանում ԱՄՆ նախագահի կողմից հայտարարված նպատակներին և ծրագրերին՝ անմիջական ներգրավվածություն չունենալ այլ տարածաշրջանների հակամարտություններում և փնտրել ուժեղ դաշնակիցներ, որոնք տեղում իրենց վրա կվերցնեն «պատասխանատվության հիմնական բեռը»:

Ընդ որում, հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համատեղ հայտարարությամբ ամերիկյան վարչակազմը փորձեց որոշակիորեն մեղմել իր հասցեին հնչող միջազգային և ներքին քննադատությունները և քաղաքական դիվիդենտներ շահել հաջորդ տարի ԱՄՆ-ում սպասվող ընտրություններին ընդառաջ: Այս համաձայնագիրը նաև ապահովեց թուրքական գործողության արագ և առանց կորուստների զարգացումը՝ թուլացնելով քրդական դիմադրությունը թուրքական գործողություններին:

Իհարկե, հասկանալի է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի գործարքի մաս կարող են հանդիսանալ նաև երկկողմ առանձին ստվերային պայմանավորվածություններ, որոնց մասին առավել հստակ հնարավոր կլինի դատել իրադարձությունների զարգացմանը զուգահեռ:

Սիրիայի կառավարություն

Սիրիական իշխանությունների համար ստեղված իրավիճակը ևս մի շարք դրական գործոններ է պարունակում: Մասնավորապես, Դամասկոսի համար կարևոր է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերում Սիրիայի տարածքից, չեզոքանում է Սիրիայի տարածքում քրդական ինքնավար միավորի ստեղծման գաղափարը, և քրդերը ստիպված եղան գնալ երկխոսության պաշտոնական Դամասկոսի հետ՝ շատ ավելի վատ պայմաններով, քան դա կարող էր լինել մինչև ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը և թուրքական գործողության մեկնարկը: Քրդերի հետ համաձայնության միջոցով պաշտոնական Դամասկոսը վերականգնում է իր իշխանությունը Սիրիայի տարածքների նկատմամբ: Եվ վերջապես, սիրիական իշխանություններն Իդլիբի հարցը կարգավորելու հնարավորություն են ստացել, և հիմա առավելագույն ջանքեր են գործադրելու այս ուղղությամբ:

Ամփոփելով՝ փաստենք, որ սիրիական հակամարտությունն այլևս նոր փուլ է մտել, և ծավալվող իրադարձությունները մեծապես ազդելու են սիրիական հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարի վրա: 

Արփինե Հովսեփյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]