1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բարդ կոմպրոմիս Սիրիայի հարցում.Ռուբեն Սաֆրաստյանի անդրադարձը ՌԴ և Թուրքիայի բանակցություններին

Բարդ կոմպրոմիս Սիրիայի հարցում.Ռուբեն Սաֆրաստյանի անդրադարձը ՌԴ և 
Թուրքիայի բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցում Սոչիում կայացած բանակցություններով ձեռքբերված համաձայնությունները բավական բարդ կոմպրոմիսի արդյունք են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ կողմերը զիջումների գնացին՝ յուրաքանչյուրն ինչ-որ մասով բարենպաստ իրավիճակում հայտնվելով: Թուրքիան, թեպետ, չհասավ նախապես հայտարարած իր ծրագրին, այն է, մոտավոր 450 կմ երկայնքով, 32 կմ խորությամբ տարածք գրավել թուրք-սիրական սահմանին, սակայն կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել 120 կմ երկայնքով, 10 կմ խորությամբ տարածք: Սիրիական սահմանի որոշ հատվածներում տեղակայվելու են թուրք-ռուսական պարեկախմբեր: Սահմանի վրա տեղակայվելու են նաև սիրիական բանակի պարեկակետերը:

«Սիրիան ստիպված էր համաձայնվել սրան, սակայն նա ունենալու է հնարավորություն իր պարեկակետերը տեղակայելու սահմանին, այն տարածքներում, որտեղ տարիներ շարունակ սիրիական զինվորի ոտք չի դրվել: Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարենպաստ իրավիճակ ստացվեց: ՌԴ-ն տնտեսական առումով այնքան բարենպաստ չէ, որ մեծ քանակությամբ զորք պահի, բայց կարողացավ հասնել նրան, որ իր ստորաբաժանումները տեղակայվեն Թուրքիայի և Սիրիայի սահմանի շրջանում»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ձեռքբերված համաձայնությամբ, քրդերը ստանում են լրացուցիչ ժամանակ Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար, նրանք տեղափոխվում են ավելի խորը հատված: Ամեն դեպքում քրդերի հսկողության տակ են շարունակելու մնալ մեծ տարածքներ՝ նավթահորերով: Թուրքագետը նկատեց, որ այս համաձայնության արդյունքում քրդերի կորուստը մեծ էր, եղան հարյուրավոր զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, 100 հազարից ավելի փախստականներ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն Սիրիայում շարունակում է պահել իր զինված ջոկատները մի քանի հարյուրի հասնող թվաքանակով: Դա այն տարածքներում, որոնք գտնվում են քրդերի հսկողության տակ, և որտեղ տեղակայված են նավթի հորերը:

«Այստեղ հայկական հարցը հետաքրքր ձևով ի հայտ եկավ: Վարչապետի գրառումը վկայում է այն մասին, որ Հայաստանը կարողացավ ռուսների հետ համաձայնության գալ, և ես չեմ բացառում, որ քննարկվել է հայերի անվտանգության հարցը: Մյուս կողմից հայկական հարցը բարձրացվեց ԱՄՆ-ում: Հաղորդագրություն կա, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին օրակարգ է մտնում: Ստացվում է աշխարհի երկու հզոր պետություններն, ամեն մեկը մի ձևով, անդրադարձել են հայկական հարցին, գործընթացները դրական են»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:   

Սոչիում կայացել էին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունները: Վեց ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կողմերին հաջողվել է ընդունել ճակատագրական որոշումներ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:

Սոչիում ձեռքբերված համաձայնությունների հետ կապված «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]