Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սենդիքաներից քաղաքացիական եւ ապա` քաղաքական. Շահան Գանտահարյանի հոդվածը

Սենդիքաներից քաղաքացիական եւ ապա` քաղաքական. Շահան Գանտահարյանի 
հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իհարկե ակնկալելի էր, որ Լիբանանում ծայր առած ժողովրդային ըմբոստության շարժումը կենցաղային,սոցիալ եւ քաղաքացիական շրջագծերը հատելով անցում կատարեր քաղաքական հարթություն: 

Նախապես, նման հարցեր, աշխատավորների իրավունքներ, տուրքերի դեմ բողոքներ, շահագործման եւ հարստապետական կարգերի դեմ առնվող վճռական միջոցներ, գործադուլներ, դասադուլներ եւ բողոքի ակցիաներ կամ անհնազանդության շարժումներ էին կազմակերպվում սենդիքաների կողմից: Ձախի, կենտրոնի եւ աջի դասական հասկացությունների ժամանակաշրջանին, ընդհանրապես ձախ ուղղվածությանը հետեւող սենդիքաների գործառույթների մաս էին կազմում նման գործողությունների կազմակերպումները: Երկրի բնականոն կյանքս անդամալուծելու կարողությունը պատկանում էր նման միությունների, որոնք յուրաքանչյուր ոլորտի համար ունեին իրենց կառույցը, դրանց համախմբող կենտրոնը, երբ համընդհանուր հայտարարեր, երկիրն ամբողջ անդամալուծվում էր: Նման պարագաներին եւս խնդիրը կարող էր սկսվել տուրքերի կուտակման դեմ բողոքելով, ապա արագ անցում էր կատարվում քաղաքական դաշտ, տեղի տալով կառավարությունների հրաժարականներին, խորհրդարանների լուծարմանը եւ արտակարգ ընտրությունների կազմակերպմանը, եթե, իհարկե, արհեստակցական միությունների միավորումը կարողանար համաժողովրդական ալիքի հսկա մակընթացություններ արձանագրել: 

Սոցիալական  խնդիրների արծարծումը շատ արագ անցում կատարեց դեպի քաղաքական դաշտ: Հայտնաբար, դասական գաղափարաբանությունների անշուք դառնալու գործընթացի հետ հետզհետե իրենց դերակատարությունը կորցնում էին նաեւ սենդիքաները: Նոր աշխարհակարգը, կարծես, հնամաշ նկատելով, գաղափարախոսական-գաղափարաբանական կազմակերպությունները չեզոքացրեց սենդիքաների դերակատարությունը: Նրանք անվանապես կան: 

Ժողովրդավարական երկրներում հակակշիռ գործառույթներ իրականացնող այդ կարեւոր դերակատարությունը կատարողները վերափոխվեցին ժամանակի ընթացքում եւ հասարակական դաշտում քաղաքացիական շարժումները հետզհետե սկսեցին վերածվել ազդեցիկ գործոնի: Վերափոխվեցին նաեւ նրանց պաշտպանած թեմաները, պաշտպանելու եղանակները եւ ընդհանրապես աշխատելու ձեւերը: Սեռային իրավահավասարությունից մինչեւ կենսոլորտային խնդիրներ իբրեւ հիմնադրույթներ համալրեցին հիմնականում աշխատավորների իրավունքների պաշտպանության ծրագրերը։ 

Այն, ինչ տեղի է ունենում Լիբանանի տարբեր քաղաքներում սենդիքաների եւ քաղաքացիական շարժումների համախառն արտադրությունն է իբրեւ բարձրացվող խնդիրներ, իբրեւ բողոքի գործողություններ, իբրեւ ճնշամիջոցներ: Լիբանանը ուներ սենդիքաների ավանդույթ, սակայն ունի նաեւ  ներկա աշխարհակարգի ճշտած օրինաչափություններին ընդառաջ շարժելու ճկունություն: Ժամանակակից հասարակագիտությունը այս դեպքում համալրել է ավանդույթը ։ 

Առ այս պահը չի ձեւավորվել մարմին կամ հանձնախումբ, որ բոլոր բողոքարկողների անունով բանաձեւի պահանջները պաշտոնապես եւ լիազորություն ունենա, երբ պետք լինի բանակցություններ վարելու հանգուցալուծում բերելու համար ստեղծված իրավիճակում: Յուրաքանչյուր ցուցարար սոցցանցի միջոցով թե հեռուստացույցի պաստառի առաջ ներկայանում է պահանջով: Լիբանանյան փողոցը կարծեք հարազատ արտացոլումն է վիրտուալ Լիբանանի, որտեղ տարբեր մեկնաբանություններ, տարբեր տեսակետներ և, հետևաբար նաև տարբեր պահանջներ են ներկայացվում ինչպես սոցցանցի օգտատիրոջ, այնպես նաեւ անհատ ցուցարարի կողմից: 

Բողոքարկող զանգվածը բարձրացնում է աշխատավորների վերապահված իրավունքների հարց, ապօրինի հարստացումների երեւույթները վերացնելու անհրաժեշտություն, հափշտակված գումարների վերամուտքագրելու պահանջ, կենսական անլույծ թղթածրարների լուծում, բայց նաեւ այս բոլորի համար կառավարության հրաժարում, արտահերթ ընտրությունների կազմակերպում, բացառիկ լիազորություններով գործող անցումային կառավարություն, հնչեցնելով նաեւ ամբողջ համակարգի արմատական վերափոխում: 

Պահանջների այս երկրորդ բաժինն է, որը երկրորդ պլան է մղում քաղաքացիական շարժման սկզբնական պահանջները եւ շարժումը վերածում է էապես քաղաքականի: Հակառակ կառավարության որդեգրած բարեկարգումների ծրագրին, որն անընդունելի պատճառներով արգելակված էր տարիներ ի վեր` բողոքի շարժառիթների կուտակում պատճառելով, ցուցարարները չեն ուզում հեռանալ փողոցից հայտարարելով, որ ուշացել է կառավարությունը նման քայլեր որդեգրելու իր որոշման մեջ։ 

Հնչող պահանջները հետզհետե դառնում են զուտ քաղաքական եւ նախանշում երկարաշունչ ծրագրի նախադրյալները, որոնք կոչված են շրջելու երկրի միջհամայնքային,  հետեւաբար նաեւ միջկուսակցական  համակարգը: 

Արմատական այս բանաձեւին հանգելու համար կենցաղային, սոցիալ, ֆինանսական, տնտեսական, կենսոլորտային հարցերի սրացումը, ինչպես նաեւ ապաշնորհ վարչակառավարման, ապօրինի հարստացման, ավատատիրական կարգերի հավերժացման միտող երեւույթների դեմ պայքարելու վճռականությունը անհրաժեշտ միջոցներ են: 

Սակայն․ խնդրին տարածաշրջանային-աշխարհաքաղաքական մանրադիտակով դիտարկման փորձը տարբեր դիտակետեր է հաստատում: Լիբանանը բաց հրապարակ է տարբեր պետությունների ազդեցության գոտիների, քաղաքական առեւտրի եւ բախման կամ համաձայնության կետերի հատման: Ամենից սուր հարցը տարածաշրջանում Իրանի ազդեցության նվազեցման և, հետևաբար Իրանի գործիք նկատվող կազմակերպությունների քաղաքական դաշտում ունեցած դերակատարության չեզոքությանը կարող է վերաբերել:

Պատժամիջոցային քաղաքականության հետեւանքները զգալի են այս երկրում եւ բնականաբար նպաստած` ֆինանսատնտեսական տագնապի խորացմանը: Համապետական հաստատությունների ապահամայնքայնացման եւ ապակուսակցականացման առաջադրանքն է արծարծվում,այս պահին թեկուզ տարերային կերպով եւ անորոշ ընթացակարգերի պատկերացմամբ: 

Առնչված պետությունների շահերի բախման կետ կա ներկա դրվածքում: Մինչ, լիբանանյան հասարակությունը պահում է իր համախոհությունը հակահամակարգային իր դիրքորոշումներում: Ներհասարակական ճեղքերը կարող են անկանխատեսելի հետեւանքների հանգել եւ իրադրությունները դուրս բերել մինչ այժմ հասարակություն-իրավապահ մարմիններ երկկողմանիորեն գործողությունները խաղաղ ու քաղաքակիրթ պահելու ճիգերի սահմաններից:

Ելքը` բանակցելն է: Բանակցելու համար բողոքարկողների կողմից լիազորված մարմին ձեւավորելը, պահանջներ բանաձեւելը եւ տասնամյակների վրա կուտակված ու բարդված հանգույցների հանգրվան առ հանգրվան լուծում բերելու տրամադրության կամքի դրսեւորումը: Սա կարող է հնչել զուտ տեսական, եթե անշուշտ արտալիբանանյան կենտրոնները հանգուցալուծման կամ քաոսային իրավիճակների տարբեր պատկերացումներ են մշակել ապստամբած Լիբանանի համար:

Շահան Գանտահարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]