Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չայկովսկու անվան դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի նվագախմբերը հանդես եկան համատեղ համերգով

Չայկովսկու անվան դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի նվագախմբերը հանդես եկան 
համատեղ համերգով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կայացավ Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ ունեցան Չայկովսկու անվան դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի նվագախմբերը համատեղ:

Համերգը կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, մասնավորապես, նախարար Արայիկ Հարությունյանի աջակցությամբ:

Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ դպրոցն իր գոյության 80 տարվա ընթացքում նպաստել է պետության մշակութային ներուժի ստեղծմանը:

«Պահպանելով տարիների ընթացքում ձեռք բերված ավանդույթները՝ դպրոցն անընդհատ կատարելագործել է ուսումնական գործընթացը, հասել նոր նվաճումների, կերտել իր պատմությունը: 80 տարին մեկ ակնթարթ է պատմության համար, սակայն արվեստի զարգացման համար՝ տարողունակ մի ժամանակաշրջան: Այս տարիների ընթացքում հայազգի երաժիշտները դուրս են եկել միջազգային ասպարեզ»,- ասաց Կոստանդյանը:

Նա ընդգծեց, որ իրենք շատ են կարևորում արտաքին աշխարհի հետ մշակութային կապերի ընդլայնումը:

Դպրոցի տնօրենը ողջունեց նաև հայ-շվեյցարական նվագախմբի հայաստանյան բեմելը:

«Այս նվագախմբի կայացման գործում շատ մեծ է մեր հայրենակից, Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ, Ժնևի կոնսերվատորիայի ռեկտոր Եվա Հարությունյանի ավանդը»,- ասաց Մարտուն Կոստանդյանը:

Եվա Հարությունյանը շնորհավորեց դպրոցի տնօրենին, ուսուցչական ու աշակերտական կազմերին դպրոցի 80-ամյակի առթիվ:

«2018 թվականին Երևանի Չայկովսկու անվան դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի սաները սիմֆոնիկ նվագախմբով համերգով հանդես եկան՝ կազմված հայ և շվեյցարացի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Այս իրադարձությունը կայացավ մեր երկու երկրի Ազգային ժողովների հովանու ներքո: Այսօր՝ մեկ տարի անց, Ժնևի կոնսերվատորիայի սաները պատիվ ունեն ներկա գտնվելու և այդպիսով իրենց շնորհակալությունը հայտնելու Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հոբելյանին»,- ասաց Հարությունյանը և շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանին՝ իր անսպառ էներգիայի, աշխատասիրության և պրոֆեսիոնալիզմի համար:

Համերգային ծրագրի շրջանակում ելույթ ունեցան նաև Չայկովսկու անվան դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի երգչախմբերը: Համերգի մի մասի դիրիժորը Ժնևից ժամանած Խուան Դավիդ Մոլանոն էր, իսկ մյուս մասինը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Համերգի այլ երաժշտական հատվածները ղեկավարեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Սարինե Ավթանդիլյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազ բենդի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը:

Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am