Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Միջազգային կազմակերպությունները մասնակցել են ՓՄՁ զարգացման հնգամյա ռազմավարության քննարկմանը

Միջազգային կազմակերպությունները մասնակցել են ՓՄՁ զարգացման հնգամյա 
ռազմավարության քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ոլորտային ռազմավարությունների քննարկումների շրջանակում հոկտեմբերի 22-ին մասնակցել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման  ռազմավարության փաստաթղթի քննարկմանը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների, միջազգային զարգացման կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակիցներին ներկայացրել է  «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության» նախագիծը՝ նշելով, որ այն նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով:

Քննարկման ընթացքում փոխնախարարը պատասխանել է նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին և անդրադարձել ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին, ձևաչափին, ինչպես նաև նրանց ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։ 

Քննարկումը կազմակերպվել էր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, միջազգային գործընկերների և  ՀՀ կառավարության միջև համագործակցության ձևաչափի շրջանակում։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ