Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չենք կարող վատ հետևանքները չտեսնելու տալ. Թունյանը՝ ԼՀԿ-ի նախագծերը մերժելու մասին

Չենք կարող վատ հետևանքները չտեսնելու տալ. Թունյանը՝ ԼՀԿ-ի նախագծերը մերժելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծերի՝ ԱԺ-ի կողմից մերժումը հիմնավորում է նրանով, որ դրանք կարող էին վատ հետևանքներ ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում:

«Լուսավոր Հայաստան»-ը նախագծերից մեկով առաջարկում էր հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների՝ եկամտային հարկից հաշվանցման հնարավորություն տալ նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին: Մանե Թանդիլյանը հիշեցրել էր, որ նրանք վճարում են նույն հարկերը, ինչ աշխատանքային պայմանագրով աշխատող վարձու աշխատողները, և քանի որ հարկման որևէ տարբերություն չկա, նրանք ևս պետք է կարողանան օգտվել այդ հնարավորությունից:

Թունյանն այս նախագծի մերժման առիթով նշեց, որ հարցը ունի ինչպես բովանդակային, այնպես էլ իրավական կողմ: «Տեխնիկականը հետևյալն է՝ քաղիրավական պայմանագրով աշխատողներինն ու վարձու աշխատողներինը տարբեր ձևով են հաշվարկվում: Լինում է նաև, որ քաղիրավական պայմանագիրը կնքվում է բավականին երկար ժամանակով, օրինակ 2 տարով: Կարող է մարդիկ միմյանց հետ պայմանավորվում են որոշակի գումարի շուրջ, սակայն գործող կարգավորումներով եկամտահարկի փաստացի ստացման ժամանակն է ֆիքսվում»,-ասաց Թունյանը:

Նա նկատեց, որ գործատուն ու քաղիրավական պայմանագրով աշխատողը կարող են պայմանագիրը կնքել այնպես, որ աշխատողը գումարը ստանա աշխատանքի ավարտին՝ 9 ամսից հետո, սակայն ներքին պայմանավորվածությամբ աշխատողն այն ստանա ամսական կամ եռամսյակային կտրվածքով: «Փոխհատուցման ժամանակ հաշվի չեն առնելու, թե այդ գումարը բաշխված է եղել եռամսյակների միջև, նա դրանից օգտվելու է մեկ անգամ: Այսինքն` ըստ էության չեն կարող ստանալ այդ գումարները»,-նշեց Թունյանը:

Նա նշեց՝ համաձայն են, որ աշխատող ու հարկ վճարող քաղաքացիներին հնարավորություն ստանան  արտոնությունից օգտվել, սակայն միևնույն ժամանակ շեշտեց՝ ներդնելու են համատարած հայտարարագրման ինստիտուտը, որն իր գնահատմամբ ավելի արդար կլինի:

ԼՀԿ-ի մյուս նախագիծը ևս առնչվում էր եկամտային հարկից հաշվանցմանը: Ներկայում հիփոթեքային վարկի տոկոսադրույքները չեն կարող հաշվանցվել, եթե տան  արժեքը 55 մլն դրամից բարձր է կամ այն գերազանցում է 1.5 մլն դրամը եռամսյակի կտրվածքով։ ԼՀԿ-ն առաջարկում էր վերացնել այդ սահմանափակումը։ Թանդիլյանը նշել էր, որ հանձնաժողովում մերժել են սահմանափակումները հանել՝ նույն հիմնավորմամբ, որով դրանք ներդրվել էին նախորդ իշխանության կողմից:

Թունյանը նշեց՝ ԼՀԿ-ից ասում են, որ սոցիալական խնդիր են լուծում: Սակայն Թունյանի հաշվարկներով՝ 55 մլն դրամ արժողությամբ բնակարան գնողը միայն վարկի սպասարկմանն ուղղելու է ամսական մոտ 600-700 հազար դրամ:  Պատգամավորի կարծիքով՝ այդ դեպքում բանկը չի համաձայնի վարկ տրամադրել, եթե ամսական եկամուտը 1 մլն դրամից պակաս լինի: «Հիմա 1 մլն դրամ ստացողին համարո՞ւմ ենք անապահով, որին պետք է աջակցություն ցուցաբերենք։ Սա ընդհանրապես սոցիալական խնդիր չի լուծում»,-նշեց նա:

Թունյանի կարծիքով՝ ընդդիմությունը ցանկանում է բոլոր լավ բաների մասին նախագիծ առաջարկել: «Բայց մենք էլ չենք կարող հետևանքները չտեսնելու տալ: Կառավարությունը ցանկանում է աստիճանաբար անցում կատարել այլ մեխանիզմի, եթե ճանապարհի կեսից այդ համակարգը խարխլում ենք, գործն ավելի է բարդանալու»,-նշեց նա:

ԱԺ հոկտեմբերի 22-ի նիստում ընդդիմության նախագծերը օրակարգ չանցկացնելն արժանացել էր ընդդիմադիր պատգամավորների դժգոհությանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]