Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով 
պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 21-ին Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը  վստահությամբ նշեց, որ առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս համատեքստում երկուստեք  կարևորվեց բոլոր մակարդակներում դինամիկ երկխոսության հետագա ծավալումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։

Որպես թիրախային ուղղություններ՝  կողմերը նշեցին ՏՏ, բարձրագույն տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտները:  Զրուցակիցները կարևորեցին նշյալ բնագավառներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը և մարդկանց միջև շփումների  ակտիվացումը: Մտքեր փոխանակվեցին երկկողմ ստեղծված իրողություններին համապատասխան համագործակցության իրավապայմանագրային դաշտի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջ ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը, որոնք միտված են ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Այս գործընթացում առանձնահատուկ կարևորվեց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:

Նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում նախարար Մնացականյանը կարևորեց ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ