1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի թյուրքախոս նահանգները՝ կրկին Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում

Իրանի թյուրքախոս նահանգները՝ կրկին Ադրբեջանի և Թուրքիայի թիրախում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասան Ռոհանիի նախագահության շրջանում, մասնավորապես 2014-2018թթ. Իրանը և Ադրբեջանը, անտեսելով տասնամյակներ շարունակ երկու երկրների հարաբերություններում արմատացած բազում խնդիրները, փորձում էին տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալել, և այդ գործում բավական կարճ ժամանակահատվածում կողմերին հաջողվեց բավական շոշափելի արդյունք գրանցել:

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող վերափոխումներին մեր նախորդ մեկնաբանություններում (1, 2, 3) անդրադարձել ենք՝ երկկողմ հարաբերություններում առաջած խնդիրները վերլուծելով ըստ ոլորտների:

Այսօր, սակայն, Թեհրանի և Բաքվի հարաբերություններում կրկին նկատում ենք այնպիսի զարգացումներ, որոնք հատուկ են 2005-2013թթ., երբ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին:

Խոսքը վերաբերում է այն փաստին, երբ տարիներ շարունակ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններով շահարկում էին Իրանի թյուրքախոս բնակչության խնդիրները՝ լարվածություն առաջացնելով Իրանի հյուսիսային նահանգներում:

2010-ական թվականների սկզբին Ադրբեջանի գործողություններին, անշուշտ, անմասն չէր մնում նաև Թուրքիան՝ կազմակերպելով, այսպես կոչված, «Հարավային Ադրբեջանի» (Իրանի թյուրքախոս նահանգները) հիմնախնդիրներին նվիրված տարատեսակ համաժողովներ, ինչպես նաև գործունեության հարթակ տրամադրելով Իրանի անջատողական խմբերին:

Այս օրերին, երբ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է բոլոր միջոցներով չեզոքացնել Մերձավոր Արևելքում բռնկված կրակի վտանգները՝ քննադատելով Թուրքիայի գործողությունները և ընդգծելով Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանում գործող կուսակցությունների ներկայացուցիչները հետաքրքիր զուգադիպությամբ իրենց հայտարարություններով կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը:

Օրերս Ադրբեջանի «Ամբողջական Ադրբեջանի ժողճակատ» կուսակցության պատգամավոր Ղոդրաթ Հասանղուլիևն Բաքվի իշխանություններին կոչ էր արել ԻԻՀ քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը՝ հիմնավորելով, որ դա կնպաստի «Իրանում բնակվող 35-40 մլն ազարի հայրենակիցների հետ կապն ամրապնդելուն, ինպես նաև դրա արդյունքում իրանցի թյուրքախոս բնակչության վրա կմեծանա Բաքվի ազդեցությունը»:

Մինչ Իրանը քննադատում է Թուրքիային Սիրիայի վրա հարձակվելու և ՄԱԿ-ի անդամ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու համար, Թուրքիայի խորհրդարանի իշխող կուսակցության հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Ահմեթ Յիղիթ Յըլդըրըմն էլ բացահայտ սպառնացել է Իրանին՝ մասնավորապես, նշելով. «Հարավային Ադրբեջանը ևս դառնալու է թուրքական, մենք կգանք այդ տարածքներ»:

Այն, որ Ադրբեջանը և Թուրքիան Իրանի թյուրքախոս ատրպատականցիներով բնակեցված նահանգները «Հարավային Ադրբեջան» են անվանում, նորություն չէ, պարզապես ինչպես վերևում նշեցինք, անցնող տարիներին Ադրբեջանը խուսափում էր հարցը շահարկել:

Ուսումնասիրելով Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին մեկ-երկու տարիներին տեղի ունեցած զարգացումները, նկատում ենք՝ Իրանի թյուրքախոս բնակչության հարցը կրկին հայտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգում, այն էլ՝ հարցը բարձրացնում են ոչ թե ԶԼՄ-ները, այլ այդ երկրների ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչները:

Ադրբեջանից և Թուրքիայից իրականացվող զուգահեռ գործողություններն առավել ուշագրավ են դառնում, երբ հարցը դիտարկում ենք օրերս Բաքվում կայացած թյուրքախոս երկրների ղեկավարների 7-րդ նիստի համատեքստում: 

 

Արմեն Իսրայելյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]