Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի են ունեցել հոգևոր ու մշակութային միջոցառումներ

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի են ունեցել հոգևոր ու մշակութային 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Կոնստանցա քաղաքում հոկտեմբերի 19-20-ը տեղի ունեցան մի շարք հոգևոր ու մշակութային միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ռումինիայի հայոց թեմի մամլո դիվանից, Կազմակերպիչներն էին Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ծուխը և Ռումինիայի Հայոց Միության Կոնստանցայի մասնաճյուղը՝ օրհնությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի:

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 19-ին, շաբաթ օրը, ժամը 17:00-ին: Դեռևս շաբաթներ առաջ Ռումինիայի Խորհրդարանն ընդունեց օրենք, որով հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հռչակվեց Հայ լեզվի, այբուբենի և մշակույթի օր: Այդ առիթով Կոնստանցա քաղաքի Արվեստների թանգարանի գեղեցիկ սրահում տեղի ունեցավ Արսեն Արզումանյանի ,,Հայոց լեզուն առանց ուսուցիչ,, ձեռնարկի շնորհանդեսը: Այն հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին հեղինակի կողմից մշակված յուրահատուկ մեթոդիկայի շնորհիվ մի քանի ամսվա ընթացքում սովորել հայոց հնագույն լեզուն և կարողանալ գրել ու խոսել նման կարճ ժամանակահատվածում:

Միևնույն օրը, ժամը 18:00-ին, նույն սրահում տեղի ունեցավ երեցկին սոպրանո Արմինե Խաչատրյանի մենահամերգը՝ նվագակցությամբ դաշնակահարուհի Կարմեն Ասֆադուրյանի` նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակներին: Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի հանրահայտ ստեղծագործություններից, արիաներ Արմեն Տիգրանյանի ,,Անուշ,, օպերայից, Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված ռոմանսներ:

Միջոցառումների շարքը եզրափակեց տաղանդաշատ դաշնակահար Արամ Նիցան` իր կատարումներով հիացնելով հանդիսատեսին:

Երեկոյին ներկա էին Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, Կոնստանցայի Ազգային Գրադարանի տնօրեն Կորինա Ապոստոլեանուն, հայ համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր, մամուլի և հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:

Հաջորդ օրը, Հոկտեմբերի 20-ին, ժամը 10:30-ին, Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց տոնական Ս. Պատարագ՝ ձեռամբ Տ. Տաթև եպս. Հակոբյանի, մասնակցությամբ Բուխարեստի և Պիտեշտի հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի, Կոնստանցայի հոգևոր հովիվ Տ. Եզնիկ քահանա Թորգոմյանի, բարեշնորհ Հայկ սարկավագ Ազարյանի և դպրաց դասի: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Ռումինիայի Հայոց միության նախագահ տիար վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանում Ազգային Փոքրամասնությունների խմբի ղեկավար տիար Վարուժան Փամբուկչյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, մի շարք ծուխերից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ ու հավատացյալ ժողովուդը, այդ թվում` Բուխարեստից, Պիտեշտից, Գալացից, Ռոմանից, Թուլչայից:

Հավարտ պատարագի Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխեց ներկա ժողովրդին ու հյուրերին, խոսեց մատաղի խորհրդի և սիրո ճաշի գաղափարի շուրջ` աղոթելով ու մաղթելով, որ Ռումինիայի հայոց եկեղեցիներն ու վանքերը մշտապես բաց լինեն, խորաններին ծառայեն հայ հոգևորականներն ու հնչի հայոց հնագույն պատարագն ու աղոթքը:

Այնուհետև եկեղեցու բարեկարգ ու ընդարձակ պարտեզում կատարվեց մատաղի օրհնություն և օրհնված մատաղը բաժանվեց ներկա հավատավոր բազմությանը:

Միևնույն օրը, հոկտեմբերի 20-ին, ժամը 13:30-ին, Իբիս հյուրանոցային համալիրի ,,Պրեստիժ,, սրահում տեղի ունեցավ սիրո ճաշ: Տաթև Սրբազանի հրավերով սիրո ճաշին ներկա էր նաև Թոմիսի արքեպիսկոպոս գերաշնորհ Թեոդոսիեն:

Իր կատարումներով օրն ավելի հիշարժան դարձրեց Կոնստանցայի ,,Նաիրի,, պարային համույթը:

Վերջում Տաթև Սրբազանն օրհնեց բոլոր ներկաներին` մաղթելով բարի ճանապարհ և ուխտավորաց իղձերի կատարում Բարձրյալի կողմից:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ