Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Ամփոփվել են թումանյանական օլիմպիադայի արդյունքները

Ամփոփվել են թումանյանական օլիմպիադայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված  միջոցառումների շրջանակում Հ. Թումանյանի  թանգարանը կազմակերպել է համահայկական   թումանյանական  օլիմպիադա, որին մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի շուրջ 300 դպրոցի ավելի քան 3300 աշակերտ

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, գրողի թանգարանում  տեղի է ունեցել թումանյանական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Ողջունելով մասնակիցներին` նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր նախաձեռնության կազմակերպիչներին և մասնակիցներին:

«Հոբելյանական միջոցառումների մեջ օլիմպիադան առանձնանում է մասնակիցների ներգրավվածությամբ ընդգրկվածությամբ, նաև լրացուցիչ հնարավարություն է Թումանյանի ստեղծած բովանդակությունը կամրջելու և ամրապնդելու մեր պատանիների գիտակցության մեջ: Թումանյանն այն եզակի մեծերից է, որը ամենամեծ դերակատարությունն է ունենում մեր ինքնության և մտածողության ձևավորման վրա: Այն, ինչ մենք անում ենք հոբելյանական տարվա ընթացքում իրականում քիչ է, պետք  է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր նախաձեռնություններում նոր բովանդակություն ստեղծենք»,- նշել է նախարարը` շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին և հաղթողներին:

Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշել է, որ օլիմպիադայի առաջին փուլը տեղի է ունեցել մարտ ամսին` դպրոցներում: Մասնակիցներից երկրորդ փուլ է անցել շուրջ 400 աշակերտ, որոնցից հաղթող է ճանաչվել  5, խրախուսական մրցանակի արժանացել`  7 աշակերտ :

Թանգարանի տնօրենն իր խոսքում նշել է, որ ծրագրի նպատակն է ամրապնդել Հ. Թումանյանի և այսօրվա պատանու բարեկամությունը, հարցաշարերի յուրահատուկ ձևի մեջ նոր գիտելիքներ փոխանցել նրանց, ինչպես նաև առիթ ստեղծել տարբեր մարզերի հասակակից դպրոցականների համար՝ հանդիպելու մեկ հարթակում։

Միջոցառման ավարտին «Արեգնազան» կրթահամալիրի սաները ներկայացրել են Հ. Թումանյանի հեքիաթների բեմականացումը




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ