1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճը հիմնանորոգվել է բարերարի միջոցներով

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճը հիմնանորոգվել է բարերարի 
միջոցներով

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճը հիմնանորոգվել է բարերար, ՌԴ վաստակավոր շինարար, նույն դպրոցի շրջանավարտ, Կարմիրգյուղի բնակիչ Սուրիկ Նաջարյանի տրամադրած միջոցներով: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի  հանդիսությունների  դահլիճի բացմանը մասնակցելու  առիթով Մոսկվայից ժամանել էր բարերար Սուրիկ Նաջարյանը:

Հանդիսությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը,Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը, մոսկվայաբնակ գրող Մարկ Արենը: Արտերկրից ու Հայաստանի տարբեր վայրերից հրավիրված հյուրեր: Բարերարին  ողջունեցին դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բարերարին՝ իր ծննդավայրը չմոռանալու, հայրենի գյուղը շենացնելու եւ ծաղկեցնելու բոլոր բարեգործական ձեռնարկների համար:Այս աշխատանքների մասին ժամանակին պիտի պետությունը հոգար, սակայն որոշ խնդիրներ չեն լուծվել տարբեր պատճառներով: Սակայն Սուրիկ Նաջարյանը, մեր մյուս հայրենակիցները իրենց հայրենասիրական ձեռնարկներով ոչ միայն թեթեւացնում են պետության բեռը, այլ նաեւ իրենց համերկրացիների համար կենսական խնդիրներ են լուծում՝ օրինակ ծառայելով ու ոգեւորելով մեր հայրենակից գործարարներին: Վաստակավոր շինարարի կոչումը, այն էլ Ռուսաստանի Դաշնությունում, խոսում է այն մասին, որ Սուրիկ Նաջարյանը բարձր է պահում մեր հայրենիքի պատիվը՝ ամենուր ու միշտ լինելով կառուցողի դերում »,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

«Հանդիսությունների դահլիճի նորոգման, մուտքի դռան եւ նոր լուսամուտների տեղադրման համար  բարերարը ծախսել է 5 միլիոն դրամ, ինչի արդյունքում մենք հիմա ունենք այս բարեկարգ ու նորոգ դահլիճը:Նրա տրամադրած միջոցներով մենք լուծել ենք մեկ մասնաշենքի լոկալ ջեռուցման խնդիրը, հիմնանորոգել համակարգչային դասասենյակը եւ ձեռք բերել համակարգիչներ:Սուրիկ Նաջարյանը բարեգործական ձեռնարկներ է իրականացրել նաեւ Կարմիրգյուղի բուժամբուլատորիայում, թիվ 2 միջնակարգ դպրոցում, փոխհատուցել ուսանողների ուսման վարձը, սրբապատկերներ նվիրել Կարմիրգյուղի սուրբ Աստվածածին եկեղեցուն»,-ներկայացրեց դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանը:  

Սուրիկ Նաջարյանի կենսագրությունը ներկայացրեց պատմության ուսուցչուհի Մարիետա Շահվերդյանը:  Միջոցառման մասնակիցներին ողջունեցին Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի «Ադանա» պարային համույթի սաները, «Զվարթնոց» երաժշտական մրցույթի հանրապետական փուլի հաղթող Կարինա Սահակյանը, Կարմիրգյուղ համայնքի արվեստի դպրոցի երգչախումբն ու գործիքային նվագախումբը, բարբառագիտության մրցույթի հաղթող աշակերտները:

 «Ես իմ հայրենի հող ու ջրի մարդու կողքին եմ միշտ, որտեղ էլ ապրելիս ու աշխատելիս լինեմ: Իմ հայրենի աշխարհը միշտ շեն ու նորոգ տեսնելը իմ կյանքի գերագույն նպատակն է, ու շատ եմ ուրախ, որ այս դահլիճում տեսնում եմ պայծառ ժպիտներ, բարձր տրամադրություն»,-միջոցառման մասնակիցներին դիմեց Սուրիկ Նաջարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]