Հայաստանի եւ Վրաստանի նախագահները հանդիպում կունենան Ճապոնիայում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Վրաստանի նրա պաշտոնակից Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում կանցկացնեն Ճապոնիա իրենց այցի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Երկու պետությունների ղեկավարները Տոկիոյում ներկա են լինելու Ճապոնիայի Նարուհիթո կայսեր գահակալության արարողությանը: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ հարցեր են քննարկելու Հայաստանի եւ Վրաստանի նախագահները: Երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են տարբեր բնագավառներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում, ինչի մասին վկայում Է պաշտոնական վիճակագրությունը: Անցած շաբաթ պաշտոնական այցով Հայաստանում Էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են խորացնել ու ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները:
Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մեկնել են Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը:
Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից կազմակերպվող ընդունելությանը: Այս արարողություններին ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը երկկողմ հանդիպւմներ կունենա տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ: Նախագահը նաև կայցելի Տոկիոյի ֆոնդային բորսա, Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալություն, ինչպես նաև աշխարհի առաջատար արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Mitsubishi Heavy Industries ընկերություն: Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քաջալերելու նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին: Նախագահ Արմեն Սարգսյանը նաև դասախոսությամբ հանդես կգա Տոկիոյի համալսարանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում