Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ամերիկահայ բանաստեղծ Սոնա Վանը հայրենիքում ներկայացրեց «Հայրս ասում էր» նոր ժողովածուն

Ամերիկահայ բանաստեղծ Սոնա Վանը հայրենիքում ներկայացրեց «Հայրս ասում էր» նոր 
ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, հասարակական գործիչ Սոնա Վանը ընթերցասերների դատին հանձնեց «Հայրս ասում էր» գիրքը: Ժողովածուն ամփոփում է բանաստեղծություններ, որոնք հեղինակը գրել է վերջին տարիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Իմ ձևավորման գործում մեծ ազդեցություն է ունեցել հայրս: Նա մասնագիտությամբ ֆիզիկոս էր, բայցև գրում էր, նկարում. արվեստի մարդ էր: Ես նրան վաղ եմ կորցրել, բայց մինչ օրս  հորս խոսքն ինձ հետ է, հատկապես այն ժամանակ, երբ նստում եմ ճերմակ թղթի առաջ, հաշվետու եմ նրան և Աստծուն»,-նշեց գրողը:

Սոնա Վանը խոստովանեց, որ հաճախ է իր բանաստեղծական խոսքում օգտագործում «հայրս ասում էր» արտահայտությունը: «Նա զգուշացնում էր ուշադիր լինել բառի նկատմամբ, քանի որ այն դառնում է  հոգու,  հավատի, ճակատագրի մի մասը»,-պատմեց գրողը:

Հեղինակը նշեց, որ գրելիս չի մտածում, թե ում համար է ստեղծագործում: Նրա խոսքով`  եթե 12 հոգի հավատա իր գրականությանը, ուրեմն հաջողել է: «Պարտադիր չէ մեծ լսարան ունենալ, որ շարունակաբար պահպանվի խոսքը: Եթե այն ճշմարիտ է ու արժեք ունի, կարող է գոնե  2000  տարի ապրել»,-շեշտեց Սոնա Վանը:

Նա հավելեց, որ պոեզիան ապրելու և մարդ մնալու գործիք է:

Գրքի շնորհանդեսից հետո տեղի ունեցավ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա։ Այն կատարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Պրեմիլ Պետրովիչի ղեկավարությամբ:

Պոեմը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վաչե Շարաֆյանը պատմեց, որ իրեն «Լիբրետո անապատի համար» պոեմն ընթերցելու խորհուրդ է տվել Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: «Շատ հետաքրքիր գործ էր, որը կարդալու արդյունքում ծնվեց իմ նոր ստեղծագործությունը:  Առաջին անգամ ձայնագրվել է մեկ տարի առաջ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բայց համերգային կատարմամբ հնչում է առաջին անգամ»,-շեշտեց կոմպոզիտորը:

Սոնա Վանը 1975 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1978 թվականից ապրում է Կալիֆոռնիայում։ Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանական մագիստրոսի կոչում։ Քնարախոհական բանաստեղծությունների հեղինակ է:

Նա լույս է ընծայել «Լույսի ծվեններ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում», «Չառա անունով թռչունը» և այլ ժողովածուներ: Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, հունարեն և այլ լեզուներով: Սոնա Վանն արժանացել է ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունների ոսկե մեդալների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]