Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Զբոսաշրջության զարգացմանն ուղղված ամառային դպրոցի դասընթացներն անցկացվելու են Երևանում և Դիլիջանում

Զբոսաշրջության զարգացմանն ուղղված ամառային դպրոցի դասընթացներն 
անցկացվելու են Երևանում և Դիլիջանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգայնորեն ճանաչված Առաջնորդություն և կառավարում հանուն կայուն զբոսաշրջության նախաձեռնության ամառային դպրոցը միտված է Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամառային դպրոցը կանցկացվի հոկտեմբերի 18-21-ը Երևանում և Դիլիջանում: Դասընթացի ժամանակ կքննարկվեն զբոսաշրջության ոլորտին վերաբերող հաջողված ծրագրերը, կայունությունը, թվային նորարարությանը և հարակից թեմաներին վերաբերող խնդիրներ: Չորրորդ օրը մասնակիցները կայցելեն Սյունիք՝ Տաթևի վանական համալիր:

«Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» խորագրով միջոցառումն իրականություն է դարձել Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի, «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ծրագրի (PM4SD), Եվրոպական կայուն զբոսաշրջության հիմնադրամի (FEST) և Եվրոպական ճամփորդական հանձնախմբի (ETC), Ավրորա մարդասիրական նախաձեռնության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության շնորհիվ:

ՄԱԶԾ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը նշեց, որ ստեղծվել է ավելի քան 400 աշխատատեղ, ներկայացվել են նորարարական բիզնես մոդելներ:

«Բիզնես մոդելներից են՝ համայնքային հյուրանոցները, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, հավելյալ արժեք ներկայացնող տուրիստական ծրագրեր այն վայրերում, որոնք դեռևս չկան զբոսաշրջային քարտեզի վրա: Մենք աշխատել ենք տուրիզմի վերաբերյալ նոր օրենքներ մշակելու, ինչպես նաև կրթական ոլորտում կայուն տուրիզմի ծրագրերի ղեկավարման նոր ստանդարտի ներմուծման ուղղությամբ»,- նշեց Վալեսյանը:

Նրա խոսքով՝  «Նախագծի կառավարում կայուն զարգացման նպատակով» ամառային դպրոցը օնլայն թրեյնինգների հարթակ է, որը վճարովի է և արժի մոտ 400 եվրո: Հայաստանի ֆինանսավորվել է գրեթե 40 մասնակից, ովքեր ստացել են միջազգային հավաստագրեր:

«Այդ մասնակիցներն արդեն իսկ կարող են ղեկավարել տարբեր զբոսաշրջային ծրագրեր: Այժմ կա նաև երկրորդ փուլ՝ դասվարների պատրաստման: Սրանք ցանցային թրեյնինգներ են»,- նշեց ՄԱԶԾ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգողը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ նմանատիպ միջազգային դասընթաց առաջին անգամ է իրականացվում Հայաստանում: «Վստահ եմ, որ այն կդառնա հիմնաքար և նմանատիպ դասընթացները՝ նվիրված զբոսաշրջության կշարունակեն անցկացվել Հայաստանում՝ ավելի լայն աշխարհագրություն ընդգրկող մարզերում: Այս ամենի արդյունքում մենք կարող ենք ունենալ ավելի կայուն զբոսաշրջություն»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հույս հայտնեց, որ դասընթացների ընթացքում մասնակիցները և միջազգային փորձագետները կունենան արդյունավետ քննարկումներ:

«Կարծում եմ, որ դասընթացների ժամանակ կլինի գիտելիքների փոխանակում, որն էլ իր հերթին կզինի երիտասարդ մասնագետներին նոր գաղափարներով և մտքերով»,- շեշտեց Տերտերյանը:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինն ընդգծեց, որ ուրախ է նմանատիպ միջազգային ճանաչում ունեցող ամառային դպրոցն անցկացվում է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ:

«Վստահ եմ, որ այս դասընթացների միջոցով հնարավոր է խթանել զբոսաշրջությունը և ստեղծել հետաքրքիր նոր զբոսաշրջային վայրեր»,- ասաց Մարիասինը:

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար, զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի առաջնային խնդիրներից է կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ քաջալերելով նրանց մշակել նոր լուծումներ զբոսաշրջիկներին գրավելու համար:




Այս թեմայով

... վերջին լուր "Տուրիզմ" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ