«Ավրորա»-ի մշակութային միջոցառումները եզրափակվեցին բլյուզի մեղեդիներով
ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մշակութային միջոցառումները եզրափակվեցին հոկտեմբերի 17-ին երեկոյան բլյուզի մեղեդիներով: Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա համերգին բացի խմբից հանդես եկան նաեւ Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը եւ TmbaTa նվագախումբը:
D’Black Blues Orchestra-ն ներկայացրեց «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը: D’Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար եւ EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա Հայաստանում հայտնի է եւ սիրված ոչ միայն նախկինում՝ Երեւանում եւ Դիլիջանում կայացած իր համերգներով՝ որպես երաժիշտ, այլև որպես Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար:
«Այս համերգը դեռ անցած տարի էինք ծրագրել, բայց այնպես ստացվեց որ այս տարի եկանք: Իմ համար Գյումրիում հանդես գալը շատ խորհրդանշական է իմ նախապապը իր հոգևոր ծառայությունը հենց այս քաղաքում է անցել՝ Հայ Կաթողիկե եկեղեցում: Իմ շատ ընկերներ 1988 թվականի երկրաշարժից հետո մասնակցել են Լենինականի վերականգնման աշխատանքներին: Ես առաջին անգամ եմ Գյումրիում: Զբաղվածության և համերգին նախապատրաստվելու պատճառով դեռ շատ բան չեմ տեսել: Հուսամ՝ կհասցնեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգից առաջ լրագրողներին ասաց Վլադիմիր Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ համերգային ծրագիրը բոլորովին նոր է:«Առաջին անգամ ենք այս ծրագրով հանդես գալիս, դրա համար էլ երաժիշտները մի փոքր անհանգստանում են: Ամեն դեպքում անակնկալ ևս լինելու է »,-ավելացրեց Վլադիմիր Ավետիսյանը:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում