Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրու թատրոնը արվեստասերներին ներկայացրեց «Բարի լույս, պարոն Մաթևոս»  բեմադրությունը

 Գյումրու թատրոնը արվեստասերներին ներկայացրեց «Բարի լույս, պարոն Մաթևոս»  
բեմադրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Լիբանանի հայկական թատրոնի հետ համագործակցության արդյունքում թատերասերների դատին հանձնեց  «Բարի լույս, պարոն Մաթևոս» բեմադրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ հոկտեմբերի 16-ին թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում:

Մեզ հետ զրույցում թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ շատ են կարևորում աշխատանքը տարբեր ռեժիսորների և դերասանների հետ, այդ իսկ պատճառով Լիբանանի հայկական թատրոնից հրավիրել են  Հակոբ Տեր-Ղուկասյանին, որը նոր ներկայացման ռեժիսորն է:

«Ներկայացման մեջ զբաղված են մեր թատրոնի դերասանները: Այդ գործով հանդես ենք գալու նաև Լիբանանում: Այնտեղ խաղալու ենք նաև Հովհաննես Թումանյանի հոբելյանի կապակցությամբ բեմադրված մի շարք բեմադրություններ»,-տեղեկացրեց Հարությունյանը:

Խոսելով թատերասեր հանրությանն արդեն իսկ մատուցված բեմադրությունների մասին` նա ասաց, որ հոկտեմբերին ունեցել են մեկ առաջնախաղ. ներկայացրել են «Բուրատինոյի արկածները» երաժշտական բեմադրությունը, որը խաղացել են վեց անգամ: «Թատերաշրջանը բացեցինք մեկ գործողությամբ «Թռիչք» ներկայացմամբ, որը վանդակից ազատության մեջ հայտնված թութակների պատմությունն է: Թատերասերների դատին ենք հանձնել նաև «Երկնագույն շան աչքերը» բեմադրությունը»,-շեշտեց թատրոնի տնօրենը:

Հարությունյանը հավելեց, որ այս ամսվա ավարտին «Երկնագույն շան աչքերը» ներկայացմամբ հանդես են գալու Երևանի Հ. Ղափլանյանի անվան և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոններում: Նախատեսում են բեմադրությունը ներկայացնել նաև Ռուսաստանում:

Նա կես կատակ կես լուրջ ասաց, որ 2019 թվականին ավելի շատ դրսում են եղել, քան Գյումրիում:  25 և ավելի ներկայացում խաղացել են Երևանում, հյուրախաղերով մեկնել են ԱՄՆ:

Թատրոնի տնօրենի կարծիքով հյուրախաղերը փորձի փոխանակման հրաշալի հարթակ են, համագործակցությունների դռներ են բացում թե’ ռեժիսորների, թե’ դերասանների առաջ:

Նա մեծ հպարտությամբ ասաց, որ արտասահմանում և Հայաստանում մշտապես խաղում են լեփ-լեցուն դահլիճներում: «Դա պայմանավորված է թատրոնի ամբողջ կոլեկտիվի բուռն աշխատանքով: Յուրաքանչյուրն իր ասելիքն ու անելիքը գիտի»,-եզրափակեց Լյուդվիգ Հարությունյանը:

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]