Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով

Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը 
պարգևատրվել է Արիության մեդալով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանության ծառայող Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Արամի Առաքելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի  պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:


Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր  առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Վերջիններս ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում պարզվել է՝ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Երիտասարդների կողմից առերևույթ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում: Գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է գեղեցկության սրահի սեփականատերը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները գողոնը թաքցրել են կամուրջներից մեկի տակ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]