Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Նախարարը Ողջի գետը հոսքաջրեր լցվելու համար մեղավոր է համարում պղնձամոլիբդենային գործարանին

Նախարարը Ողջի գետը հոսքաջրեր լցվելու համար մեղավոր է համարում 
պղնձամոլիբդենային գործարանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջի գետը լցված հոսքաջրերը եղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից, այլ ոչ թե անմիջապես պոչամբարից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, Առողջապահության տեսչությունը նույնպես այնտեղ է: Ամեն մեկն իր մասով գործը կանի: Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է պատիժների այն չափը, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն ու կներկայացնեն: Խողովակի անցքը փակված է, կարծում եմ՝ էլ չի հոսում: Աղտոտման ծավալները և վնասի աստիճանը տեսչական մարմինը պետք է իրականացնի վարույթի շրջանակներում ու հաշվարկի գործող օրենսդրության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նա հավելեց, որ բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված: Նրա խոսքով՝ ներկայումս իրենք վերանայում են այդ համակարգը:

 «Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ ու դրանով փակվել է: Այդ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով անցնում է  և հասնում Արծվանիկի պոչամբար: Գուցե ընթացիկ վերանորոգումներ լինում են, բայց պարբերաբար այսպիսի վթարներ լինում են: Իհարկե, մեղավորությունը գործարանինն է»,- ասաց նախարարը:

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակի աղտոտված է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը խողովակաշարի վնասված հատվածը վերականգնվել է:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային կառույցի աշխատակիցները գետից նմուշառումներ են վերցրել:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ