Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Նոյեմբեր

Ինչո՞վ աչքի ընկավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան

Ինչո՞վ աչքի ընկավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մեկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր հոկտեմբերի 15-ին: Հատկանշական է, որ սա սեպտեմբերին Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Գախարիայի երկրորդ օտարերկրյա այցն էր: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, նա իր առաջին պաշտոնական այցով ժամանել էր Ադրբեջան, ինչն, ըստ էության, խորհրդանշում էր Թբիլիսիի համար Ադրբեջանի հետ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Գախարիայի՝ Հայաստան այցը կրում էր գլխավորապես ճանաչողական բնույթ:  Վրաստանի վարչապետի Հայաստան այցի օրակարգը հագեցած էր՝ հանդիպում, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հայաստանի զարգացման այս փուլում Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն ունի բավական մեծ կարևորություն: Հատկանշական է, որ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո հայկական կողմը Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում որդեգրել է բավական նախաձեռնողական գործելաոճ: Դրա շնորհիվ դեռ նախորդ տարի երկկողմ հարաբերություններում սկսեց աճել քաղաքական ակտիվությունը. հաճախակիացան երկկողմ այցերը, կայացավ վարչապետերի 2 ոչ ֆորմալ հանդիպում, 8 տարի դադարից հետո 2019թ. ունիսին իր աշխատանքները վերսկսեց Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովը, Դիլիջանում կայացավ հայ-վրացական բիզնես համաժողով և այլն: Երկկողմ հարաբերություններում նման դրական ֆոնի ստեղծմանը նպաստում էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի միջև ձևավորված անձնական ջերմ կապերը:

Այժմ, երբ Վրաստանն ունի նոր վարչապետ՝ ի դեմս Գախարիայի, բավական կարևոր է, որ հայ-վրացական հարաբերություններում նկատվող դինամիկան և դրական ֆոնը ոչ միայն պահպանվի, այլ նաև ստանա նոր խթաններ: Այս առումով Գախարիայի հայաստանյան այցը բավական կարևոր էր:

Երևանում Վրաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման օրակարգը ևս բավական հագեցած էր՝ էներգետիկա,  տրանսպորտային ոլորտ, մշակութային համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն: Հանդիպումն աչքի ընկավ նաև բարձրաձայնված մի շարք թեզերով, որոնք պարունակում էին նաև հստակ քաղաքական ուղերձներ: Նման թեզերից մեկը «ռազմավարական զարգացման տեսլականի»  մշակման անհրաժեշտության բարձրաձայնումն էր ՀՀ վարչապետի կողմից: Հայ-վրացական հարաբերությունները նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու խնդրի մասին շատ է խոսվում փորձագիտական շրջանակներում, և բավական դրական է, որ ՀՀ իշխանությունների մոտ ևս առկա է այդ ամենի կարևորության գիտակցումը: Այնուամենայնիվ, այս հարցում անհրաժեշտ է, որ վրացական կողմը ևս այս հարցում ցուցաբերի բավարար պատրաստակամություն և քաղաքական կամք:

Մեկ այլ ուշագրավ շեշտադրում էր այն, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի արտաքին ցանկացած գործոնների ազդեցություններից: Այս սկզբունքի կիրարկումն ունի էական կարևորություն, եթե հաշվի առնենք մի կողմից Հայաստան-Ռուսաստան, Թուրքիա-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան խորացող համագործակցությունը, մյուս կողմից՝ Վրաստան-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա բարդ հարաբերությունները: Երրորդ երկրների հետ հարաբերությունները որևէ կերպ չպետք է խոչընդոտեն հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը:

Ամփոփելով Վրաստանի վարչապետ Գերոգի Գախարիայի Հայաստան կատարած այցը՝ կարող ենք նշել, որ չնայած դրա ճանաչողական բնույթին, այն բավական լավ հնարավորություն էր անձնական կապերի հաստատման, հայ-վրացական երկկողմ օրակարգի քննարկման, ինչպես նաև նոր պայմանավորվածությունների ձեռքբերման տեսանկյունից:

 

Նարեկ Մինասյան

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ