Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Վարչապետը վստահ է՝ Ryanair-ի մուտքը հայկական շուկա ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը

Վարչապետը վստահ է՝ Ryanair-ի մուտքը հայկական շուկա ավելացնելու է 
զբոսաշրջիկների հոսքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը Հայաստան կհանգեցնի ոչ միայն ավիատոմսների գների անկման, այլ նաև զբոսաշրջիկների հոսքի ավելացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան:

Եւ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ: Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման»,-նշել է վարչապետը:

Վարչապետը հիշեցրել է նաև, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաեւ լրացուցիչ ֆինանսական խթաններ:

Փաշինյանը շեշտել է՝ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: «Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»,-եզրափակել է վարչապետը։ 

Ryanair-ի Հայաստան մուտք գործելու մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ