1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ո՞րն է Սիրիայում ԱՄՆ քաղաքականության տրամաբանությունը

Ո՞րն է Սիրիայում ԱՄՆ քաղաքականության տրամաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հյուսիս-արևելքից զորքերը դուրս բերելու որոշումը տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ: Բարձրաձայնվող հիմնական հարցադրումները գլխավորապես վերաբերում են նման որոշման դրդապատճառներին և շահավետությանը՝ ԱՄՆ քաղաքականության տեսանկյունից:

Այս և այլ հարցադրումներին պատասխանելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, անդրադառնալ արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ գործող նախագահի որդեգրած մոտեցումներին, որոնց մասին նա բարձրաձայնել է դեռ նախորդ նախընտրական պայքարի ժամանակ: Թրամփի դիրքորոշումը բավական հստակ է. ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում իր վրա վերցնել իր սահմաններից հեռու ընթացող հակամարտությունների համար պատասխանատվության հիմնական բեռը: Թերևս դրանով էր պայմանավորված, ինչպես Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը, այնպես էլ թալիբների հետ սկսված բանակցությունները (այժմ ընդհատված են), որոնք պետք է հանգեցնեն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը:

Այս տրամաբանության վառ արտահայտություններից է նաև ԱՄՆ նախագահի վերջին թվիթերյան գրառումներից մեկը, որտեղ նա, մասնավորապես, նշում է. «Ես հարցրեցի իմ գեներալներին. ինչու մենք  պետք է կռվենք Սիրիայի և Ասադի համար՝ պաշտպանելով մեր թշնամիներին: Նա ով ցանկանում է օգնել Սիրիային՝ քրդերին պաշտպանելու հարցում, ինձ  լավություն է անում. լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, թե  Նապոլեոն Բոնապարտը: Հուսով եմ նրանք հաջողության կհասնեն, մենք 7000 մղոն հեռավորության վրա ենք»:

Այսպիսով, չցանկանալով այլևս իր վրա վերցնել Սիրիայում տիրող իրավիճակի համար պատասխանատվության հիմնական բեռը, ԱՄՆ-ն, ըստ էության, կանգնեց ընտրության առաջ: Ընտրությունը Թուրքիայի և քրդական ուժերի միջև էր, որտեղ նախապատվությունը տրվեց Թուրքիային՝ ԱՄՆ ՆԱՏՕ դաշնակցին, որն իր ռեսուրսներով և ռազմավարական կարևորությամբ, իհարկե, գերազանցում է քրդական ուժերին: Թրամփի նման ընտրությունը բխում է ԱՄՆ քաղաքական շահերից՝ հերթական անգամ ստորադասելով մարդու հիմնարար իրավունքները:

Չնայած այս ամենին, Միացյալ Նահանգները սահմանել է նաև որոշ պատժամիջոցներ, որոնք թիրախավորում են Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի և էներգետիկայի նախարարներին, ինչպես նաև Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների և պաշտպանության նախարարությունները: Նման պատժամիջոցները, սակայն, որևէ լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Թուրքիայի տնտեսության կամ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների վրա: Նման քայլը մի կողմից ունի կանխարգելիչ բնույթ և միտված է ապահովել, որ Թուրքիան չխախտի  ձեռք  բերած պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ այս կերպ ԱՄՆ-ն փորձում է պահել իր «դեմքը»՝ միջազգային քննադատությունների ֆոնին:

Բացի այդ, ԱՄՆ շահերից է բխում, որպեսզի քրդերը Սիրիայում ամբողջությամբ չկորցնեն իրենց ենթակայության ներքո գտնվող տարածքները և ազդեցությունը, որպեսզի ի դեմս քրդերի հետագայում ևս այնտեղ ունենան ազդեցության որոշակի լծակներ:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Սիրիայում ԱՄՆ ներկայիս քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է ԱՄՆ ներկայիս նախագահի վարած արտաքին քաղաքականության հիմնական տրամաբանության շրջանակներում: Միանշանակ է նաև, որ ԱՄՆ որդեգրած նման քաղաքականության համար Թուրքիան ևս պետք է որոշակի «գին» վճարի: Իսկ թե որը կլինի այդ «գինը», ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա նոյեմբերի 13-ին սպասվող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ժամանակ:

Լիանա Հովհաննիսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]