1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեւան-Պրահա-Վինոր համագործակցությունն ամրապնդվեց հուշագրի ստորագրմամբ

Սեւան-Պրահա-Վինոր համագործակցությունն ամրապնդվեց հուշագրի ստորագրմամբ
ԳԱՎԱՌ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Պաշտոնական այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում Չեխիայի Հանրապետության Պրահա-Վինոր քաղաքի պատվիրակությունը, որը գլխավորում էր Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, Սեւան-Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցությունն արդեն բոլորել է 3 տարին, որի գաղափարի հեղինակը եւ կազմակերպիչը «Ատլանտիս Դեվելոպմենթ» ընկերության նախագահ, սեւանցի Արամ Մարությանն է: Գնահատելով հայրենի քաղաքի զարգացման եւ համագործակցային հեռանկարները` նա Պրահա-Վինոր շրջանի, որն ունի նաև առանձին համայնքի կարգավիճակ, ղեկավարությանը առաջարկել էր այցելել Սեւան:

«Դեռեւս 2016 թվականին Սեւանում ստորագրվեց երկկողմ համագործակցության համաձայնագիրը: Այն ժամանակ էլ քաղաքի 2-րդ եւ 3-րդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքում, որը երկար տարիներ հարակից շենքերի բնակիչների կողմից վերածվել էր մեծ ու փոքր բանջարանոցների եւ «աչքի էր ընկնում» իր անհրապույր տեսքով, հայտնվեց ցուցանակ`«Պրահա-Վինոր այգի» անվանմամբ:

Արամ Մարությանի հովանավորությամբ Պրահա-Վինոր այգում, որը զբաղեցնում է շուրջ 4600 քառակուսի մետր, մեկնարկեցին բարեկարգման աշխատանքները: Երբեմնի անհրապույր տարածքը հետզհետե ստացավ ձեւ եւ բովանդակություն: Հանգստի եւ ժամանցի կազմակերպման այս վայրն ամիսներ անց դարձավ սեւանցիների, քաղաքի հյուրերի, զբոսաշրջիկների համար սիրելի եւ սպասված անկյուն: Աշնանային այս օրերին Պրահա – Վինոր քաղաքային շրջանի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինայի գլխավորությամբ, Հայաստանում էր եւ այսօր պատվիրակությունն այցելել էր Սեւան: Պատվիրակությանը ուղեկցում էր մեր հայրենակից, Սեւանի պատվավոր քաղաքացի Արամ Մարությանը:

Քույր քաղաքների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում էր ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Հյուրերին աղուհացով դիմավորելուց հետո հանդիպումը շարունակվեց համայնքի ղեկավարի աշխատասենյակում, որին մասնակցում էին երկու քաղաքների ներկայացուցիչները: Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինան շնորհակալություն հայտնեց հանդիպման համար` կարեւորելով նման համագործակցությունների դերը: Սեւանի եւ Պրահա-Վինորի հետագա համագործակցությունը վավերացվեց հուշագրով, որը ստորագրեցին Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինան, Պրահա-Վինորի քաղաքային խորհրդի անդամ Յան Չերվենկան: Հայ եւ չեխ գործընկերները փոխանակվեցին հուշանվերներով: Հանդիպման այցի երկրորդ հասցեն Պրահա-Վինոր զբոսայգին էր: Այգու պաշտոնական բացման պատիվը տրվեց Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին եւ Պրահա-Վինորի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինային: Սեւանի մշակութային կենտրոնի դհոլահարների ուղեկցությամբ չեխ գործընկերները մուտք գործեցին այգու տարածք, որտեղ նրանց սպասում էին սեւանցի մեծ ու փոքր, այս իրադարձության առթիվ քաղաք ժամանած հյուրերը: Ելույթներն ու շնորհավորանքները հաջորդում էին միմյանց, որոնք ընդմիջվում էին մշակութային կենտրոնի պարի խմբերի սաների ազգագրական կատարումներով: Սեւանի պատվավոր քաղաքացի Արամ Մարությանին օրվա առթիվ սպասվում էր հաճելի անակնկալ. Սեւան համայնքի ղեկավարի կողմից նա պարգևատրվեց շնորհակալագրով` Սևան-Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցության կայացման, Պրահա-Վինոր այգին սեւանցիներին նվիրելու եւ հայ-չեխական բարեկամության ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար: Զբոսայգու պաշտոնական բացման առթիվ տնկվեցին հայ եւ չեխ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող եղեւնիներ:

Չեխ գործընկերների համար պատրաստվել էր նաեւ ճանաչողական այց: Նրանք համայնք ղեկավար Սարգիս Մուրադյանի եւ Արամ Մարությանի ուղեկցությամբ այցելեցին զբոսաշրջային գրավչություն ներկայացնող մի շարք վայրեր, օգտվեցին հայկական հյուրասիրությունից»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]