Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոչ եմ անում անտարբեր չմնալ և անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները.Արարատ Միրզոյան

Կոչ եմ անում անտարբեր չմնալ և անընդունելի համարել Թուրքիայի 
գործողությունները.Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության 130֊-րդ վեհաժողովում ունեցած  ելույթում բոլոր խորհրդարանականներին կոչ է արել բարձրացնել իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը  կոչ է արել անտարբեր չմնալ և պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները և անհապաղ պահանջել դադարեցնել դրանք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ նախագահը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Միջխորհրդարանական միության 130֊րդ վեհաժողովում ունեցած ելույթից մի հատված, որը ներկայացնում ենք ստորև.

«Այս պահին, երբ մենք նստած ենք այս լիագումար նիստերի դալիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Ղամիշլիում և Սիրիայի այլ քաղաքներում մարդիկ վտանգի տակ են նույն կերպ, ինչ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում 2014 թվականին:

Ճակատագրի հեգնանքով այս արհավիրքները տեղի են ունենում այն նույն տեղում, նույն աշխարհագրական տարածքում, որտեղ հողի և ավազի մեջ են 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները:

Եվ ես՝ որպես մի ազգի ներկայացուցիչ, որն ականատես է եղել և վերապրել է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը, կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին բարձրացնելու իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:

Միջազգային իրավունքը նկատմամբ հարգանքը, դրան հետևելը և պահպանելը 21-րդ դարում չի վերաբերում տնտեսությանը կամ աշխարհաքաղաքականությանը։ Այն նախևառաջ մարդկային կյանքերը փրկելու մասին է, նրանց իրավունքները և ազատությունները հարգելու մասին է, այն միջազգային հանրության բարոյականությունը և Միացյալ Ազգերի ոգին փրկելու մասին է:

Ես կոչ եմ անում Վեհաժողովի անդամներին դիմել գործողությունների: Ես կոչ եմ անում Միջխորհրդարանական միությանը՝ որպես կազմակերպության և այստեղ ներկայացված յուրաքանչյուր խորհրդարանի, անտարբեր չմնալ և պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները և անհապաղ պահանջել դադարեցնել դրանք»:

Արարատ Միրզոյանի ելույթը Բելգրադում ընթացող Միջխորհրդարանական միության 130֊րդ վեհաժողովի ընթացքում ընդհատվել է ծափողջույններով՝ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման, ցեղասպանությունների ու մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման հետ կապված հարցերի բարձրաձայնման պատճառով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]