Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար. Փաշինյան

Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն 
Հայաստանի համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունները սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, այդ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վստահ եմ՝ Վրաստանում նկատել են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերությունները սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, ակտիվ և անկեղծ շփումներով, մեզ հուզող հարցերի շուրջ անմիջական և վստահելի երկխոսությամբ: Այն ամենն արտահայտումն է իմ այն համոզմունքի, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար»,-ասաց Փաշինյանն ու շեշտեց՝ պատահական չէր, որ վարչապետի պաշտոնում իր առաջին արտագնա այցը կատարել էր հենց Վրաստան:

Նա ուրախությամբ նշեց, որ շփումների դինամիկան, փոխվստահության մակարդակը, ինչպես նաև Վրաստանի վարչապետի ներկայիս այցը խոսում են այն մասին, որ Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին:

Փաշինյանը կարևոր և արդյունավետ գնահատեց վարչապետ Գախարիայի հետ ունեցած բանակցությունները, որոնք ևս մեկ անգամ փաստել են  հարաբերությունների առկա բարձր մակարդակը և դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք ցուցաբերած պատրաստակամությունը: Վարչապետերը քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը: «Մեր երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը: Երկուստեք բարձր գնահատեցինք երկարատև ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում իրագործել հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները»,-նշեց Փաշինյանն ու նշեց նաև, որ կարևորել են Հայաստանում հայ-վրացական գործարար համաժողովի անցկացումը:

Երկու երկրների վարչապետերը կարևորել են նաև տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից: Փաշինյանն ու Գախարիան միակարծիք են եղել նաև երկկողմ հումանիտար կապերի խորացման հարցում:

Վարչապետ Փաշինյանը նշեց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը: «Այս առումով համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից: Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին: Համակարծիք էինք, որ դրանց համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների սկզբունքներին համապատասխան: Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է, հետևաբար՝ լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ այս առումով կարևորել են միմյանց համար զգայուն հարցերի վերաբերյալ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը:

Փաշինյանը հավատացած է, որ Վրաստանի վարչապետի այցն իր նպաստը կբերի հայ-վրացական բազմաոլորտ համագործակցության հետագա խորացմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]