Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Փորձագետները ռազմական բեռնարգելքի սահմանումը Էրդողանին կանգնեցնելու գործոն չեն համարում

 Փորձագետները ռազմական բեռնարգելքի սահմանումը Էրդողանին կանգնեցնելու 
գործոն չեն համարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ երկրներ Թուրքիային զենք վաճառելու գործընթացը վերանայելով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չեն կարող կանգնեցնել. թուրքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ռազմական բեռնարգելքի հնարավոր կիրառումն իրականում խնդիր չի լուծի:

«Ֆրանսիան և Գերմանիան արդեն հայտարարել են, որ Թուրքիայի նկատմամբ ռազմական բեռնարգելք են կիրառում, սակայն չեմ կարծում, որ դա որևէ նշանակություն կունենա: Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ռազմական արդյունաբերությունը, արդեն հասել են ինքնապահովման 70 տոկոսանոց մակարդակի»,-ասաց Հայկ Գաբրիելյանը: Դրանից բացի, ընդհանրապես փորձը ցույց է տալիս, որ երբ Արևմուտքի ու Թուրքիայի հարաբերություններում որևէ վակուում է առաջանում, ապա այն շատ արագ լցնում է Ռուսաստանը: Հայկ Գաբրիելյանը կարծում է, որ այս համատեքստում ամենաարդյունավետը կարող են լինել տնտեսական պատժամիջոցները: Թուրքիայի ամենախոցելի տեղը տնտեսությունն է, առանց այն էլ վերջին շրջանում լուրջ տնտեսական դժվարություններ են: Այդ դեպքում, Թուրքիայում տնտեսական լուրջ դժգոհությունը վերաբերելու է միլիոնավոր մարդկանց:

Մի շարք երկրներ հանդես են գալիս Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու տեսանկյունից՝ գնալով կոնկրետ գործողությունների, արաբական երկրները հնչեցրին կոշտ հայտարարություններ: Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի՝ արաբական երկրների կոշտ դիրքորոշումն ունի իր տրամաբանական բացատրությունը:

«Արաբական երկրները տարածաշրջանում զիջել են իրենց դիրքերը Թուրքիային ու Իրանին: Սիրիայում որևէ արաբական երկիր չունի լուրջ ազդեցություն: Ամեն դեպքում այդ կոշտ հայտարարություններն իրավիճակային լուծումներ են: Գործնականում դա Թուրքիային հետ չի պահի իր գործողություններից»,-ասաց նա: Արաբագետը համոզված է, որ Թուրքիային հնարավոր կլինի կանգնեցնել, եթե այդ հատվածներ համատեղ զինված ուժեր մտնեն:

 Ինչ վերաբերում է Սիրիայի զինված ուժերին, որոնք տեղաշարժվել են դեպի այն հատվածներ, որտեղ Թուրքիան գործողություններ է իրականացնում, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը նշեց, որ այդտեղ որևէ  խնդիր չկա, ըստ էության, ամեն ինչ կանոնակարգվում է Ռուսաստանի կողմից, որը Թուրքիայի առջև կանաչ լույս է վառել:

«Մենք տեսնում ենք, որ քրդերը Թուրքիայից ահաբեկված, ԱՄՆ-ից հիասթափված սկսել են իրենց տարածքները հանձնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին: Աֆրինի փորձը ցույց տվեց, որ դա կարող էին անել նաև նախկինում: Հիմա սիրիական ուժերը տեղաշարժվել են դեպի այդ տարածքներ, միգուցե որոշ փոքր բախումներ տեղի ունենան թուրք և սիրիացի զինվորականների միջև, բայց ես կարծում եմ, ամեն ինչ կանոնակարգվում է ՌԴ-ի կողմից»,-ասաց Հայկ Գաբրիելյանը:

Անդրադառնալով այս իրավիճակում Հայաստանի դիրքորոշմանը, անելիքներին՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ մեր երկիրը պետք է փորձի գործընկերների հետ տեղում ապահովել հայ համայնքի անվտանգությունը: Պատրաստ լինենք հնարավոր բոլոր սցենարներին:

«Այս պահի դրությամբ պետք է համակ ուշադրությամբ հետևել գործընթացներին: Տեսնում ենք, որ մեր դիվանագիտական ներկայացուցիչներն ակտիվ աշխատում են: Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է մեզ համար, հատկապես Քոբանին, որը հայաշատ բնակավայր է, աշխարհագրական առումով տեղավորվում է Թուրքիայի կողմից ներկայացված անվտանգության գոտու սահմանում: Ամեն դեպքում հաշվի առնելով ռազմական գործողությունների առաջին շաբաթը՝ Քոբանիի ուղղությամբ ամենանվազ ակտիվությունն է գրանցվել: Բացի այդ, այնտեղ դեռևս առկա են սիրիական կառավարական ուժեր, ինչը որոշակի զսպիչ գործոն է»,-հավելեց Արմեն Պետրոսյանը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ