Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր

ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու հերթական դեպքեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: 

Մասնավորապես, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներից մեկի նախագահը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ս.թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բժշկական փորձաքննության դիմած շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներից, հիմքերի բացակայության պայմաններում, հաշմանդամության կարգ տրամադրելու կամ վերահաստատելու համար, պահանջել և ստացել է զգալի չափերի կաշառք-գումարներ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և զուգակցված քննչական գործողությունների իրականացման արդյունքում կաշառք ստանալու պահին նշյալ պաշտոնատար անձը բռնվել և բերման է ենթարկվել։  Անհերքելի ապացույցների ճնշման ներքո բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը տվել է խոստովանական ցուցմունքներ, ինչը հաշվի առնելով, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:  Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում այլ հանցադեպերը և կոռուպցիոն շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ