Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը. քննարկվել են մի շարք արտաքին քաղաքական հարցեր

ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը. քննարկվել են մի շարք 
արտաքին քաղաքական հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը, որի ժամանակ քննարկվել է նաև Ֆրանսիայի դատարանների կողմից՝ Արցախի հետ քույր քաղաքների համաձայնագրերը չեղարկելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը և հավելեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ֆրանսիայի քաղաքապետեր և խորհրդարանականներ:

«Ֆրանսիայի և հայ ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումը կազմում է մեր օրակարգի անբաժան մաս: Նախարար Մնացականյանը ողջունել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների այն քայլը, որ իրենք այցելել են Արցախ, ինչպես նաև Արցախի հետ բարեկամական կապերի ամրապնդման ուղղությամբ իրենց շարունակական քայլերը: Այս հարցում մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու դրանց իրացումը պայմանավորված չեն բնակության վայրի կարգավիճակով: Արցախցին, որպես մարդ օժտված է բոլոր իրավունքներով և նա կարող է նաև ազատ իրացնել՝ անկախ այն տարածքի կարգավիճակից, թե որտեղ է բնակվում: Այդ իրավունքների շարքին է դասվում նաև աշխարհի հետ ազատ շփվելը»,- նշեց Նաղդալյանը։

Նա նաև նշեց, որ հանդիպման ժամանակ նախարարը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել վերջիններիս ներդրումն ու նշանակալի ավանդը հայ-ֆրանսիական ամրապնդման և երկու ժողովրդի միջև փոխադարձ հարգանքի և վստահության խորացման գործում:

«Անդրադարձ է եղել նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ֆրանսիայի մի շարք դատարաններ սկսել են չեղարկել Ֆրանսիայի ու Արցախի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերը։ Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել այս հռչակագրերի դեմ, որին մինչ այդ Ֆրանսիան պատասխանում էր, որ համայնքները գործում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակներում։ Ֆրանսիական Լիոն քաղաքի վարչական դատարանը հոկտեմբերի 1-ին չեղարկել է Արցախի և Ֆրանսիայի մի շարք քաղաքների միջև բարեկամության համաձայնագրերը։ Մայիսի 29-ին Սերժի Պոնտուազ համայնքի վարչական դատարանը չեղարկել էր Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված Բարեկամության հռչակագիրը, հունիսի 11-ին էլ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ էր հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]