Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փորձագետները Գախարիայի այցից ակնկալում են ՀՀ-Վրաստան հարաբերությունների դրական դինամիկայի պահպանում

Փորձագետները Գախարիայի այցից ակնկալում են ՀՀ-Վրաստան հարաբերությունների 
դրական դինամիկայի պահպանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի Հայաստան այցը կրում է ճանաչողական բնույթ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում վրացագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ Գախարիան վերջերս է նշանակվել Վրաստանի վարչապետ, նախկինում երկու անգամ Հայաստանում եղել է: Վերջին անգամ Հայաստան էր այցելել, երբ Ներքին գործերի նախարար էր:

«Ինչպես գիտենք, Վրաստանի նախկին վարչապետի հետ Հայաստանի վարչապետն ակտիվ կառուցողական համագործակցություն ուներ, եղան նաև ոչ ֆորմալ հանդիպումներ: Ակնկալվում է, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև Վրաստանի նոր վարչապետի հետ: Ես կարծում եմ, որ Գեորգի Գախարիայի հետ նորմալ հարաբերություններ կհաստատվեն»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Թեպետ այցը ճանաչողական է, սակայն օրակարգային տարբեր հարցեր չեն շրջանցվելու: Վրացագետը նկատեց, որ Հայաստանն ու Վրաստանն ակտիվ աշխատում են մի քանի ուղղություններով՝ զբոսաշրջություն, էներգետիկա, առևտրային հարաբերություններ, ենթակառուցվածքներ: Դրանից բացի, կարևոր է, որ այս այցի ժամանակ թարմացվեն հեռանկարները, միջպետական օրակարգը: Օրինակ, Վրաստանի նախկին վարչապետը հնչեցրել էր 1 մլրդ առևտրային շրջանառության ցուցանիշը: Պետք է հասկանալ, թե ինչ ուղղությունների շուրջ քննարկում կգնա:

«Մի հարցի վրա էլ կցանկանայի ուշադրություն դարձնել: Վերջերս Վրաստանի մասին խոսակցություններում նշվում է ռազմավարական բառը: Ես կարծում եմ, որ այդ գաղափարը պետք է զարգացնել, նոր պատրաստվող ռազմավարության մեջ ֆիքսվի, թե մենք ինչ ենք տեսնում մեր հարաբերություններում մոտ ապագայում, և կառուցենք մեր քաղաքականությունը»,-ասաց վրացագետը:

Անդրադառնալով Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքին, որի հետաձգման ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 1-ին, Ջոնի Մելիքյանը նշեց, որ այդ հարցի հետ կապված դեռ տեղեկություն չկա: Վրացագետը ցորենի և ալյուրի տարանցման արգելքը պայմանավորում է նախկին վարչապետի հետ, ով կապ ուներ «Վրաստանի երկաթգիծ» ընկերության հետ: Նա լոբբիստական աշխատանք էր կատարում բեռնափոխադրումները դեպի երկաթգիծ ուղղորդելու համար: Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանի վարչապետի Հայաստան այցի ընթացքում օրակարգային հարցերից մեկը պետք է լինի ցորենի և ալյուրի տարանցման արգելքի հարցը:

Հայաստան-Վրաստան համագործակցությունից բացի, քննարկումների առանցքում կլինեն տարածաշրջանային հարցերը: Քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ Վրաստանի վարչապետն արդեն եղել է Ադրբեջանում, Հայաստանից հետո նախատեսվում է այց Թուրքիա, իսկ հաջորդ այցն, ամենայն հավանականությամբ, կլինի Բրյուսել:

«Առաջինն Ադրբեջան այցելելը նաև ուղերձ էր տեղի քաղաքական իշխանություններին, միջազգային հանրությանը՝ ընդգծելով այդ երկրի ռազմավարական կարևորությունը Վրաստանի համար: Գախարիան այս այցի ընթացքում չէր կարող շրջանցել վերջին շրջանում աղմուկ հանած Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ստեղծված զարգացումները: Այդ հարցում որոշ պայմանավորվածություն է ձեռքբերվել»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա հաշվի առնելով այն, որ Բախտաձեի պաշտոնավարման ընթացքում պաշտոնական Երևանն ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն էր իրականացնում Վրաստանի ուղղությամբ,  ստեղծվել էր դրական դինամիկա: Ութ տարի դադարից հետո տեղի ունեցավ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, ինչպես նաև բիզնես համաժողով:

«Պետք է ակնկալենք, որ Գախարիայի օրոք հնարավոր կլինի մի կողմից պահպանել դրական դինամիկան, մյուս կողմից քննարկել նոր օրակարգային հարցեր»,-ասաց Նարեկ Մինասյանը: Խոսելով Վրաստան-Թուրքիա հարաբերություններից՝ քաղաքագետը նշեց, որ Գախարիայի այցը, այսպես ասած, ոչ դրական իրավիճակում է իրականացվելու՝ կապված Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետ: Ռուսաստանի պարագայում իրավիճակը բարդ է: Ամռանը տեղի ունեցած ցույցերի, միջադեպերի արդյունքում Ռուսաստանը կրկին պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի նկատմամբ, որոնք լուրջ վնաս հասցրեցին տնտեսությանը: Ինչ վերաբերում է Աբխազիայի ուղղությամբ ճանապարհային խնդրին, ապա Նարեկ Մինասյանը նշեց, որ այս պարագայում տեղաշարժը քիչ հավանական է:

«Հաշվի առնելով այն, որ հակառուսական տրամադրությունները կտրուկ աճել են, ապա չեմ կարծում, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ տեղաշարժ կլինի: Դա կդիտարկվի Վրաստանի ազգային շահերի ստորադասում»,-ասաց նա: Վրացագետ Ջոնի Մելիքյանն էլ ավելացրեց, որ Վերին Լարսի այլընտրանքը Հայաստանի համար պետք է լինի ծովը: Եթե Հայաստանն ունենա լաստանավ, ապա այն կտա հնարավորություն բեռնափոխադրողներին խցանումների պարագայում խնդիրը լուծել: Այդ խնդիրը հիմնականում կապված է Ռուսաստանում անցակետերի հետ, որտեղ առաջիկայում արդիականացման աշխատանքներ չեն նախատեսվում: 

Փորձագետները նաև նշեցին, որ Վրաստանում հաջորդ տարի սպասվում են ընտրություններ: Ըստ էության, Գախարիայի արտաքին քաղաքական ակտիվությունն ինչ-որ առումով սահմանափակված է լինելու ընտրությունների հարցով:   

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով  կժամանի Հայաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]