Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոչխարի ներկրման համար սուբսիդավորվող վարկեր, գումարի հետվերադարձ. պետությունն աջակցում է ֆերմերներին

Ոչխարի ներկրման համար սուբսիդավորվող վարկեր, գումարի հետվերադարձ. 
պետությունն աջակցում է ֆերմերներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչխար ներմուծող ֆերմերները կստանան վարկի տոկոսի սուբսիդավորման կամ գումարի մասնակի վերադարձի հնարավորություն: Պետությունը նպատակադրվել է զարգացնել արտահանման մեծ պոտենցիալ ունեցող գյուղատնտեսության այս ոլորտը, ծրագրով նախատեսվում է Հայաստան ներկրել 30 հազար տոհմային ոչխար` բարելավելով որակական չափանիշներն ու իջեցնելով կաթի ու մսի գինը: «Արմենպրես»-ը կառավարության կողմից ընդունված 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի մասին խոսել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի հետ։

«Նախատեսվում է տոհմային կենդանիների ներկրման նպատակով տրվող վարկերի մասնակի սուբսիդավորում: 12 տոկոսի դեպքում 10 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, այսինքն` ֆերմերը կվճարի ընդամենը 2 տոկոսը: Ծրագրում առաջարկել ենք նաև երկրորդ մեխանիզմ, որի համաձայն ֆերմերը, որն իր սեփական գումարով կներմուծի ոչխար, պետության կողմից կստանա 23 տոկոսի չափով հետվերադարձ: Սպառողական կոոպերատիվների և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար վարկը կտրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ գումարի հետվերադարձը կլինի 27 տոկոսի չափով»,-ասաց Գաբրիելյանն ու հույս հայտնեց, որ ծրագրով կստեղծվեն տոհմային տնտեսություններ, և հետագայում այլևս ներկրման կարիք չի լինի:

Պետությունը նաև Համաշխարհային բանկի հետ ունի նախնական պայմանավորվածություն` հանրապետությունում 2 տոհմաբուծական տնտեսություններ ստեղծելու համար: Դրանցից մեկը կստեղծվի Ագրարային համալսարանի բազայի հիմա վրա, մյուսը` Գյումրիի սելեկցիոն կայանի:

Կառավարության կողմից հաստատված ծրագրի իրականացման արդյունքում կավելանան ոչխարի, այծի գլխաքանակները, դրանց արտադրանքի ծավալները: «Ծրագրով նախատեսվում է ներկրել մոտ 30 հազար տոհմային ոչխար: Եթե այդքան ներկրենք, ապա կարտադրվի շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս, 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ: Կբարձրանա ոչխարաբուծության, այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը, քանի որ գենետիկ բարձր արժեքով կենդանիներ են բուծվում, և պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար»,-նկատեց փոխնախարարը:

Ֆերմերներն իրենք կարող են ընտրել աջակցության ծրագրի որ տարբերակից օգտվել` սուբսիդավորվող վարկի, թե գումարի հետվերդարձի: Սահմանափակում չկա, թե նրանք որ երկրից կներմուծեն կենդանիները, միայն թե ներմուծողը պետք է ներկայացնի տոհմային քարտեր, վկայություն` կենդանու տոհմայնության վերաբերյալ: Փոխնախարարի կարծիքով` ֆերմերները կներմուծեն եվրոպական երկրներից` հիմնականում Գերմանիայից, Ռուսաստանից: 

Պետությունը որոշել է գյուղատնտեսության հենց այս ճյուղի համար աջակցության ծրագիր մշակել, քանի որ արտահանման պոտենցիալը մեծ է, ոչխարի մսի արտահանման ցուցանիշներն այս տարի բավականին աճել են: Այս տարվա սեպտեմբերի 13-ի դրությամբ արտահանվել է 21.4 հազար գլուխ ոչխար` նախորդ տարվա նույն ժամանակի 11.3 հազարի համեմատ: «Հետաքրքիրն այն է, որ արտահանվել է հենց կենդանի ոչխար: Անցալ տարի մեծ մասամբ արտահանվել էր ոչխարի միս: Անցյալ տարի ավելի շատ ոչխար է ներմուծվել, քան այս տարի, փոխարենն ավելացել է արտահանումը: Սա նշանակում է, որ ոչխարաբուծությանը մարդիկ վերաբերում են որպես հետաքրքիր բիզնեսի»,-ասաց Գաբրիելյանն ու հավելեց` արաբական երկրներում մեր ոչխարի մսի նկատմամբ բավականին մեծ պահանջարկ կա:

Փոխնախարարը նշեց նաև` խորհրդային միության անկումից հետո տոհմային անասնաբուծության համար աշխատանքներ շատ քիչ են իրականացվել, և մեր տեղական կենդանիների տոհմային հատկանիշները բավականին իջել են: Այսպիսով` ծրագրի իրականացման արդյունքում նաև ունեն տեղական ոչխարի որակական հատկանիշները բարելավելու խնդիր:

Ոչխարաբուծությունը ոչ ճիշտ վարման դեպքում կարող է արոտների դեգրադացիայի պատճառ դառնալ: Փոխնախարարը վստահեցրեց` ծրագրի իրականացմամբ ոչխարների գլխաքանակի ավելացման արդյունքում բնապահպանական խնդրի չեն բախվի: «Մենք ունենք տվյալներ, որ Խորհրդային միության ժամանակ մոտ 1 մլն 200 հազար ոչխար է պահվել: Այսինքն` մեր արոտները կարող են ծանրաբեռված լինել այդքան քանակի ոչխարով: Հիմա հանրապետությունում ունենք ընդամենը 680 հազար ոչխար, այս ծրագրով նախատեսվում է ներկրել մոտ 30 հազար տոհմային ոչխար»,-նշեց նա:

«Ծրագրից հիմնական ակնկալիքն է բարելավել մեր նախիրները տոհմային կենդանիներով, որի արդյունքում մեկ միավոր կենդանուց կունենանք ավելի շատ կաթ, միս: Հետևաբար` կիջնի նաև կաթի և մսի ինքնարժեքը, և դրանով իսկ ավելի մրցունակ կլինենք արտահանման համար»,-եզրափակեց  Գաբրիելյանը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]