Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանը հաստատակամ է մարդու իրավունքների ոտնահարման հարցում

Ադրբեջանը հաստատակամ է մարդու իրավունքների ոտնահարման հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են այն մասին, որ ադրբեջանական  իշխանությունները  շարունակում են ամեն կերպ սահմանափակել երկրում ցույցերի և հավաքների ազատ անցկացման  իրավունքները:

Բանն այն է, որ հունվար ամսից ի վեր Բաքվի քաղաքային իշխանությունների կողմից պաշտոնապես թույլատրված առաջին բողոքի ակցիան կրկին ուղեկցվել է  ձերբակալություններով և սադրանքներով: 

Արտոնված ցույցը Ադրբեջանի դեմոկրատական ուժերի Ազգային Խորհրդի կողմից անցկացվել է Բաքվի կենտրոնում՝ քաղաքապետարանի շենքի առջև, իսկ բողոքի հիմնական առիթը խաղաղ հավաքների անցկացման` ձմեռվանից գործող փաստացի արգելքն է, ըստ որի՝ ցույցին կարող է մասնակցել 50 հոգի: Այնուամենայնիվ,  հավաքին մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը, ինչի արդյունքում ոստիկանության կողմից ձերբակալվել է ավելի քան 30 հոգի: Ցույցի մասնակիցների նկատմամբ  ոստիկանության կողմից կիրառվել են բավականին կոշտ մեթոդներ։ Միևնույն ժամանակ, համացանցում հայտնված տարբեր տեսանյութերից և հրապարակումներից երևում է, որ ընդդիմադիրների հավաքին մասնակցել են նաև իշխանության ներկայացուցիչներ, որոնք իրենց իշխանամետ կարգախոսներով «թեժացրել են» իրավիճակը։

Չնայած ոստիկանության կոշտ արձագանքին՝ ադրբեջանցի ընդդիմադիրները հայտարարել են, որ շարունակելու են անցկացնել պիկետներ և մտադիր չեն հրաժարվել այդ մտքից։  «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի խոսքով՝ հաջորդ նմանատիպ ակցիան ընդդիմությունը փորձելու է կազմակերպել հոկտեմբերի 19-ին, սակայն դեռևս պարզ չէ՝  դրանք կլինեն արտոնված, թե ոչ։ Այնուամենայնիվ անցած օրերին տեղի ունեցածը արդեն իսկ փաստում է, որ անգամ արտոնված ցույցերի պարագայում ադրբեջանական վերնախավը ամեն կերպ խոչընդոտելու է իր քաղաքացիների ազատ խոսքի  իրավունքի իրացմանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին ընդհանրապես, ապա այդ իրավունքների ոտնահարումները պարբերական բնույթ են կրում, և այս ոլորտում երկրում տիրող «անմխիթար» վիճակի մասին են վկայում   բազմաթիվ միջազգային զեկույցներ և հրապարակումներ։  Երկրում շարունակվում են իրավապաշտպանների, լրագրողների ձերբակալությունները («Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) հրապարակած զեկույցում նշված է, որ միայն 2018թ. Ադրբեջանում ձերբակալվել է  10 լրագրող): Երկրում կան նաև մեծ թվով քաղբանտարկյալներ։ Մասնավորապես, դեռևս տարեսկզբին Բաքվում գործող «Քաղբանտարկյալների ցուցակագրման աշխատանքային խմբի» անդամները հայտարարեցին, որ ադրբեջանական բանտերում կա 127 քաղբանտարկյալ՝ նշելով, որ իրականում քաղբանտարկյալների թիվը Ադրբեջանում ավելի մեծ է, սակայն, վախենալով երկրում ստեղծված բռնության մթնոլորտից, նրանց մի մասը խուսափում է հանրայնացնել իրենց դեմ հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվությունը։  Նմանատիպ վատթար վիճակում է գտնվում նաև մամուլի և խոսքի ազատությունը։ Եվ պատահական չէ, որ համաձայն Freedom House-ի վերջին զեկույցի՝ Ադրբեջանը մամուլի ազատության ինդեքսով դասվում է «ոչ ազատ» երկրների շարքին։ 

Այսպիսով, ադրբեջանական իշխանությունները շարունակում են առաջ տանել իրենց որդեգրած քաղաքականությունը՝ ճնշելով սեփական քաղաքացիների բողոքի և դժգոհության արտահայտման ցանկացած փորձ և թույլ չտալով որևէ այլախոհության դրսևորում։ Իսկ նպատակը մեկն է՝ ամեն գնով պահել իշխանությունը:

Աննա Չիչյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]