Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի փոքրիկ երգիչները» արտասահմանյան շրջագայությունը նվիրել են Կոմիտասի 150-ամյակին

«Հայաստանի փոքրիկ երգիչները» արտասահմանյան շրջագայությունը նվիրել են 
Կոմիտասի 150-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախումբը սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայությամբ հանդես է եկել Լիտվայում և Գերմանիայում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ երգի փոքրիկ դեսպանները փայլուն ելույթներով ելույթ են ունեցել Լիտվայում Տրակայի կղզու 700-ամյա ամրոցում, Կաունասի ս. Ֆրանցիսկի տաճարում, Մալետայի Մշակույթի տանը: 

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առիթով համերգով հանդես են եկել համերգով Վիլնյուսի Սբ. Կատարինա եկեղեցում:  Լիտվայում ՀՀ դեսպանության հրավերով միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Լիտվայի փոխարտգործնախարարը, բարձրաստիճան պետական այրեր, մշակույթի գործիչներ։ Համերգի բացումն ազդարարվել է Լիտվայի և Հայաստանի պետական հիմների կատարումով, իսկ ավարտը՝  Է. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանով»`«Հայաստանի փոքրիկ երգիչների»,  լիտվական հայտնի «Աժոլուկաս» և «Ուգնելե» երգչախմբերի միացյալ կատարմամբ: 

Համատեղ համերգներն անցկացվել են Կոմիտաս փառատոնի շրջանակներում: Համերգի ավարտին  Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը խոսել է իր տպավորությունների մասին. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ոտքի կանգնեցրեց ամբողջ Լիտվան: Տպավորությունը ցնցող էր: Հանդիսատեսը շունչը պահած ունկնդրեց ձեզ: Շատ ուրախ եմ, որ ձեզ հետ միասին ներկայացնում եմ մեկ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը: Հրաշալի է, որ համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, քանի որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ներկայացնում է անկախության սերունդը: Երգչախումբը նոր Հայաստանի մշակութային ամենամեծ բրենդերից մեկն է: Մեծ հպարտություն և մեծ պատիվ է ցանկացած դեսպանի համար ձեզ հետ համատեղ որևէ միջոցառում կազմակերպելը»,-շեշտել է նա: 

Տիգրան Հեքեքյանը «Լիտվայի խմբավարների ասոցիացիայի» խնդրանքով նաև հետաքրքիր և ուսանելի վարպետաց դաս է վարել Լիտվայից և շրջակայքից ժամանած խմբավարների համար։ Ինչպես փաստել է միջոցառման նախաձեռնող՝ «Ուգնելե»-ի ղեկավար Վալերիա Սկապիենեն, նման միջոցառումներին սովորաբար մասնակցելու հայտ են ներկայացնում ամենաշատը 30-40 երաժիշտ, իսկ այս անգամ հայտերի թիվն անցել է հարյուրը։

Գերմանիայում համերգների մեկնարկը տրվել է Բեռլինի Կոնցերտհաուս հեղինակավոր դահլիճում ելույթով։ Այս համերգը, կազմակերպված լինելով Գերմանիայում ՀՀ դեսպանատան կողմից, ևս նվիրված է եղել ՀՀ Անկախության տոնին։ Երեկոյի բացման խոսք է ասել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, այնուհետև հայ-գերմանական բարեկամական կապերի մասին ճառով հանդես է եկել ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Միխայել Ռոթը։ «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ Կոմիտասի գոհարները, գերմանալեզու դասական նմուշները, ժամանակակից կոմպոզիտորների բարդ ստեղծագործություններն ըստ արժանվույն են գնահատվել ունկնդրի կողմից։ Երեկոյին ներկա ԳԴՀ ԱԳՆ արտաքին մշակութային քաղաքականության գծով հանձնակատար Իրմգարդ Մարիա Ֆելլները նշել է, որ այդ երեկո դահլիճում ներկա բարձրաստիճան պաշտոնյաները կարող են առանցքային դերակատարում ունենալ հայ-գերմանական հարաբերություններում, նաև ավելացրել, որ վերոհիշյալ պետական այրերի՝ հայ երգչախմբին ցույց տված ընդունելությունն ու ոտնկայս ծափերը, որով նրանք արձագանքել են «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարումներին, արտակարգ էին և աննախադեպ։ 

Սեպտեմբերի 29-ին Տիգրան Հեքեքյանի երգչախումբը հանդես է եկել իր` այս շրջագայության առանցքային համերգով, Լայպցիգի աշխարհահռչակ՝ Գևանդհաուս Մեծ համերգադահլիճում։

«Հայաստանի փոքրիկ երգիչների» համերգը կազմված է եղել Կոմիտասի երկերից, հայ, արտասահմանյան հոգևոր, ժամանակակից, ժողովրդական, դասական բազմաժանր և բարդագույն ստեղծագործություններից, որոնց կատարումներն ունկնդիրն ընդունել է մեծ ոգևորությամբ։ Համերգի ընթացքում Տիգրան Հեքեքյանի սաները նաև միացյալ ելույթ են ունեցել Գևանդհաուսի մանկական երգչախմբի հետ՝ կատարելով գերմանական երաժշտություն, Կոմիտասի «Սոնա յար» երգը, իսկ երեկոյի ավարտին՝ Էրեբունի-Երևանը։ Զուսպ և կշռադատված գերմանացի ունկնդրի բուռն արձագանքը, չլռող հոտնկայս ծափերն ու ոգևորությունը սպասվածից էլ արտակարգ են եղել՝ հայ երեխաների ամեն մի կատարումից հետո աճող ծափերով և հիացական բացականչություններով։ Երգչախմբի համերգային շրջագայությունը եզրափակվել է Հալեի Սբ. Լաուրենտիուս եկեղեցում տեղի ունեցած համերգով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]