1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ըմբշամարտում հաջողության հասնելու համար պետք է չկոտրվել. Սլավիկ Գալստյան

Ըմբշամարտում հաջողության հասնելու համար պետք է չկոտրվել. Սլավիկ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտը եղել և մնում է հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը: Տարիների երկարամյա փորձ ունեցող մարզիկներին փոխարինող նոր սերունդը սկսել է իր խոսքն ասել միջազգային հարթակներում և նրանցից մեկը` հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանն է (63 կգ): Ղազախստանի մայրաքաղաք Նուր- Սուլթանում կայացած աշխարհի առաջնությունում  Գալստյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Գալստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հաղթանակի, տպավորությունների և հետագա պլանների մասին:

-Սլավիկ,  ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել և մարզվել ըմբշամարտով:

-Սկսել եմ մարզվել 7 տարեկանից, հայրիկիս ընկերոջ տղան մարզվում էր, ինձ էլ առաջարկեցին և գնացի մարզումների: Սկզբնական շրջանում չէի ցանկանում մարզվել, բայց հետո եղբորս հետ սկսեցինք այցելել մարզումների: Հետո մարզաձևը սկսեց դուր գալ և մարզիչներն էլ ասում էին, որ ստացվում է ինձ մոտ: Այդպես սկսեցի ավելի լուրջ զբաղվել ըմբշամարտով: Ընտանիքից ոչ ոք չի զբաղվել ըմբշամարտով, եղբայրս էլ վնասվածքից հետո նույնպես չշարունակեց մարզումները:

-Աշխարհի այս առաջնությունն արդյունքի տեսանկյունից ուրիշ էր Ձեզ համար: Առանձնացրեք այն գոտեմարտը, որն առավել որոշիչ էր ըստ Ձեզ:

-Ես հասկանում էի, որ բոլոր գոտեմարտերն էլ որոշիչ են, որովհետև յուրաքանչյուր սայթաքում կարող էր ինձ դուրս մղել պայքարից, կարող էի և չանցնել մյուս փուլ: Իմ խմբում էր նաև գործող աշխարհի չեմպիոնը, որն ավելի էր բարդացնում ընթացքը: Ամեն գոտեմարտ ինձ համար շատ կարևոր է եղել:

-Ինչ կասե՞ք հայ ըմբիշների հետ գոտեմարտերի մասին, տարբերվո՞ւմ են մյուսներից:

-Ոչ, ինձ համար սովորականի պես են, քանի որ սպորտ է ու չեմ կարող առանձնացնել` ինչ երկրից է: Բնականաբար, հայ մարզիկների հետ կապի մեջ ենք, շփվում ենք, բայց երբ արդեն մրցագորգում ես լինում, պետք է միևնույն լինի, թե ով է դիմացդ կանգնած:

-Արդյո՞ք հաղթանակը պարտավորեցնում է:

-Միանշանակ, քանի որ դրանից հետո արդեն ավելի լուրջ են վերաբերվում քեզ, մտածում են, որ ավելի բարձր արդյունքներ կարող ես գրանցել:

-Ձեր քաշային կարգն օլիմպիական չէ, մտածո՞ւմ եք քաշային կարգի փոփոխության մասին:

-Դեռ ունենք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն, նույն քաշային կարգում եմ մասնակցելու, բայց մտադրություն կա փոփոխելու քաշային կարգս, մարզիչների հետ դեռ կորոշենք` ինչպես անել:

-Դուք մրցագորգ եք դուրս գալիս դիմացինի թուլությունները հիշելո՞վ, թե սեփական ուժեղ կողմերին ապավինելով:

-Ավելի շատ իմ ուժերի վրա եմ հենվում: Մտածում եմ ինչպես անել, որ ես հաղթեմ, ոչ թե դիմացինս սխալ թույլ տա, իսկ ես կարողանամ դրանից օգտվել: Ճիշտ է այդպես էլ է լինում, բայց պետք է ուժերիդ հավատաս, ոչ թե դիմացինիդ սխալի շնորհիվ հաղթանակի հասնես:

-Ունե՞ք սիրելի հնարք, որը հաճախակի եք կիրառում:

-Այո, ոչ բոլոր դեպքերում է ստացվում, բայց շատ դժվար պահերի, օգնում է հաղթանակի հասնել: Դա ինձ մոտ ավելի լավ է ստացվում:

-Սլավիկ, Դուք ըմբշամարտի համար ոչ ստանդարտ հասակ ունեք, օգնո՞ւմ է այն Ձեզ, թե հակառակը:

-Ես արդեն սովորել եմ իմ հասակի հետ կապված բարդություններին: Ինձ օգնում է, բայց նաև խանգարում է, երբ մրցակիցներս չափից ավելի ցածրահասակ են լինում:

-Ինչո՞վ եք զբաղվում ըմբշամարտից դուրս և արդյոք այլ մասնագիտություն ունեք:

-Ըմբշամարտից դուրս չէ, ամբողջովին ինձ նվիրել եմ ըմբշամարտին: Ես մտածում եմ, որ պետք է մի գործի մեջ խորանաս, որ արդյունքի հասնես: Հիմա նաև սովորում եմ, մտածում եմ, որ ուսումը կարևոր է:

-Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:

-Հաջողության բանաձևը չկոտրվելն է: Ճիշտ է, ես չեմ մտածում, որ կա մի այնպիսի մարզիկ, որի մոտ միշտ ամեն ինչ ստացվում է: Պետք է կարողանաս հաղթահարել պարտությունը և շարունակել պայքարը, հակառակ դեպում չի ստացվի: Չի լինում այնպես, որ դու միշտ հաղթողի դերում լինես:

-Կա՞ մի մարզիկ, որի անցած ուղին Ձեզ համար օրինակ է:

-Կան մարզիկներ, որոնց մրցելու ոճն ինձ դուր է գալիս: Իրանից Համիդ Սուրյանն է այդ օրինակը: Նա այլևս չի գոտեմարտում: Նաև ինձ շատ դուր է գալիս Ռոման Վլասովը:

 -Եթե ոչ ըմբշամարտ, ապա՞:

-Ֆուտբոլ, ավելին ասեմ, եթե այլ երկրում ապրեի, միանշանակ ֆուտբոլով էի զբաղվելու: Սիրելի թիմս կատալոնական «Բարսելոնա»-ն է: Հետևում եմ նաև Հայաստանի հավաքականի խաղերին:

-Ի՞նչ պլաններ ունեք հետագայի համար:

-Առաջիկայում ունեմ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, դրանից հետո կմասնակցեմ Հայաստանի առաջնությանը: Այդտեղ էլ մարզիչների հետ կորոշենք` որ քաշային կարգում եմ մասնակցելու: Ճիշտ է, ժամանակը քիչ է նոր քաշային կարգին հարմարվելու, և Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարելու, բայց մտադրություն կա և կփորձենք:

Հարցազրույցը` Հասմիկ Հակոբյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]