Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Վարչապետի գիրքն առաջին տեղում է. հայ գրականություն. սեպտեմբեր, 2019

«Երևանյան բեսթսելեր». Վարչապետի գիրքն առաջին տեղում է. հայ գրականություն. 
սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Երկրորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Այս անունը անսովոր է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյոք կենդանին երբեմն ավելի բանական չէ՞, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Սամվել Սևադայի բանաստեղծությունների «Կույսի համաստեղություն» ժողովածուն երրորդ հորիզոնականում է: Գրքում ներառված են հեղինակի 190 բանաստեղծություն, 7 գծանկարն և 36 գեղանկարչական աշխատանքներ:

Չորրորդ տեղում է Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վանք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում  Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ Ջոն Հանիսյանը, որի անհավանական թվացող գործողություների ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում:

Վեցերորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» : Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, որ ավելի կարևոր է, միաժամանակ հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպը յոթերորդ տեղում է: Գրող, դրամատուրգ, միջազգային «Ինտերրայթ» և «Եվրոփեն» մրցույթների հաղթող, «Որբանոց» բեսթսելերի, «Ձմռան վերջին օրը», «Կուկու», «Սովորական երկիր» և այլ գրքերի հեղինակ Կոստանդյանի այս վեպը բավականին պարզ ծանոթագրություն ունի. «Վեպ անցած-գնացած ուրախությունների մասին»:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը ութերորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Իններորդ հորիզոնականում Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի մտորումները:

Տասներորդ հորիզոնականում է Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպը, որը ժանրի ամենաինքնատիպ և նորարարական դրսևորումներից է հայ գրականության մեջ: Գրողի պատմահայեցողության թիրախում 4-րդ դարի դեպքերն են, Արշակ Երկրորդ թագավորի տիրապետության շրջանը, երբ վճռվում էր հայկական ամուր պետականությունը պահպանելու կենսական հարցը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1 Նիկոլ Փաշինյան «Երկրի հակառակ կողմը» Անտարես 51
2 -1 Լևոն Նես «Բալզակ. մի շան պատմություն» Զանգակ 39
3 նոր

Սամվել Սևադա

«Կույսի համաստեղություն»

Անտարես 25
4 +6 Պարույր Սևակ «Ընտիր էջեր» Արեգ 18
5 +2 Աշոտ Աղաբաբյան «Թակարդ» հեղ.հրատ. 17
6 -2

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Էդիթ Պրինտ 15
7 *

Էդգար Կոստանդյան

«Միլոշ»

Գրատուն 14
8 -3

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ.հրատ 13
9 -1 Արամ Պաչյան «Ցտեսություն, ծիտ» Էջ 8
10 նոր Պերճ Զեյթունցյան «Արշակ Երկրորդ» Անտարես 8

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]