1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մարզպետը հյուրընկալեց Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամի ներկայացուցիչներին

Մարզպետը հյուրընկալեց Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային 
հիմնադրամի ներկայացուցիչներին



ԳԱՎԱՌ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցին եւ մի խումբ ներկայացուցիչների՝ նրանց հետ քննարկելով նախապատրաստվող համագործակցության լայն շրջանակ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Վլադիմիր Սիմոնյանցը եւ կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ավանեսովը ներկայացրին նախապատրաստվելիք համագործակցության շրջանակը՝ մատնանշելով առողջապահության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության, սննդի վերամշակման ոլորտները: «Մեր կազմակերպության նպատակները բավականին հավակնոտ են ու հեռանկարային, որոնք կյանքի կոչելու դեպքում էապես առաջ կմղեն թե՛ Հայաստանի, թե՛ Գեղարքունիքի մարզի տնտեսությունը: Մենք նախատեսում ենք Գեղարքունիքում հիմնել Չինական ավանդական բժշկության կենտրոն, որը կարող է ձեռք բերել համաշխարհային նշանակություն: Նախատեսում ենք ստեղծել բազալտի կարտոֆիլի ու սխտորի վերամշակման տեխնոպարկեր, համագործակցել դեղագործության ոլորտում, որտեղ Չինաստանը լուրջ առաջընթաց ու ճանաչում է արձանագրել: Չինացիներին մեծապես գրավում է Հայաստանի բնությունը, պատմությունը, էկոլոգիապես մաքուր սննդի արտադրությունը: Իսկ Հայաստանի ջուրը կարող է համարվել ոսկուց էլ թանկարժեք ապրանք: Բազմաթիվ այլ ոլորտներ էլ կան, որտեղ կարելի է համագործակցություն ծավալել: Այս տարվա դեկտեմբերին Չինաստանում կայանալու է համաշխարհային տոնավաճառ, որին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Այժմ մենք չինական կողմի հետ քննարկում ենք այն բոլոր խնդիրները, որոնց կարգավորումը նպաստելու է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: Առաջին հերթին պետք է լինի տեղեկատվության երկկողմանի փոխանակում տեսաֆիլմերի տեսքով, որպեսզի շատ արագ հստակեցնենք եւ կազմենք համաձայնագրի ճանապարհային քարտեզը եւ այն դնենք գործողության մեջ: Չինական կապիտալի ներգրավումը եւ շուկայում մուտք ունենալը շատ կարեւոր դեր կարող են խաղալ Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման մեջ»,-նշեցին Վլադիմիր Սիմոնյանցը եւ Սերգեյ Ավանեսովը:
Մարզպետ Գնել Սանոսյանը, ողջունելով առաջ քաշված գաղափարները, միաժամանակ հայտնեց իր պատրաստակամությունը՝ աջակցել բոլոր այն ձեռնարկներին, որոնք բերելու են համագործակցության կայացմանը կողմերի միջեւ: «Ոգեւորիչ է այն, որ ձեր կողմից առաջ քաշված գաղափարները տեղավորվում են մարզի զարգացման գերակա ուղղությունների շրջանակում, որոնք են՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ այլընտրանքային էներգետիկան: Բազալտի վերամշակման ծրագրի կողքին ես կառաջարկեի ընդգրկել նաեւ պեռլիտի վերամշակման գաղափարը, որը ոչ միայն միանգամայն շահավետ է, այլ նաեւ շրջակա միջավայրի համար որեւէ վտանգ չներկայացնող: Իսկ մենք ունենք պեռլիտի հսկայական պաշարներ: Մենք ունենք նաեւ արժեքավոր դեղաբույսերի հարյուրավոր տեսակներ, որոնք եւս կարող են վերամշակվել ու արտահանվել: Ունենք հանքային ջրերի մեծ պաշարներ, այլընտրանքային էներգետիկայի արտադրության համար նպաստավոր պայմաններ: Ամեն մի գաղափար, ամեն մի ծրագիր կյանքի կոչելու դեպքում դուք կստանաք պահանջվող պետական աջակցությունը: Իսկ ես չեմ կասկածում, որ մեր համագործակցությունը կունենա հուսալի շարունակություն, որի արդյունքները տեսանելի կլինեն շատ մոտ ապագայում: Մենք պետք է արդյունավետ օգտագործենք Եվրասիական Տնտեսական Միության կողմից մեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]