Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տուրիզմ, տեխնոլոգիաներ. Ալեքսանդր Ցինկերն առանձնացրել է ՀՀ-Իսրայել համագործակցության հարթակները

Տուրիզմ, տեխնոլոգիաներ. Ալեքսանդր Ցինկերն առանձնացրել է ՀՀ-Իսրայել 
համագործակցության հարթակները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության ոլորտում Հայաստանը նշանակալի քայլեր է կատարում։ Այս համատեքստում Հայաստանն ու Իսրայելը կարող են համագործակցության հնարավորություններ ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:

«Հայաստանն ու Իսրայելը կարող են տարբեր ուղղություններով աշխատել: Իսրայելը բազմաթիվ ոլորտներում մեծ հաջողություններ ունի և կարող է կիսվել իր փորձով: Ես նկատեցի, որ Հայաստանում խոսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին ուղղված կոչի մասին, որ նրանք վերադառնան հայրենիք, այստեղ ապրեն: Հասկանալի է, որ դա մեկ օրում չի լինում, այս ուղղությամբ պետք է զգալի աշխատանք տանել: Իսրայելն անցել է այդ ճանապարհով։ Մեծ թվով քաղաքացիների է ընդունել, ինչը մեծ ներդրում էր տնտեսության համար»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը:

Նա կարևորեց Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշումը՝ նշելով, որ լավ աշխատանքի արդյունքում հնարավոր է ակտիվություն մտցնել երկու երկրների համագործակցությունում: Մանավանդ, որ վերջին շրջանում արդեն որոշակի տեղաշարժ նկատվում է:

«Օրինակ՝ զբոսաշրջության, օդային ուղևորափոխադրումների ոլորտում: Տարիներ առաջ շատ քիչ թվով մարդիկ էին տեղաշարժվում երկու ուղղություններով: Այսօր տեսնում ենք, որ ավելացել է շաբաթվա կտրվածքով թռիչքների հաճախականությունը: Երկու երկրներում կան կոնկրետ տուրիստական կազմակերպություններ, որոնք համակարգված ձևով աշխատում են զբոսաշրջիկներ տեղափոխելու ուղղությամբ: Հայաստանն այս ոլորտում մեծ հնարավորություններ ունի: Այսօր շրջում եմ փողոցներով և տեսնում եմ, որ մարդիկ փոխվել են, նրանց աչքերում հույսի նշույլ եմ նկատում: Խոշոր փոփոխություններ, կարծես, չկա, սակայն հասարակության շրջանում սպասումներ կան»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը: Նա ընդգծեց, որ այս օրերին Հայաստանը  դարձել է միջազգային իրադարձությունների կենտրոն: Աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել Հայաստանը։

Ալեքսանդր Ցինկերը կարևոր համարեց երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Նա նշեց, որ այս ուղղությամբ զգալի անելիքներ կան, իհարկե, Իսրայելը ընտրությունների փուլում է, սակայն, կարծում է, որ Հայաստանից պետք է հաճախ լինեն խորհրդարանական, փորձագիտական, հասարակական սեկտորի պատվիրակությունների այցեր:

Ալեքսանդր Ցինկերն անդրադարձավ հայ-իսրայելական նախագծին, որը ենթադրում է ազատ տնտեսական գոտու հիմնում Գյումրիում: «Այսօր աշխարհը գնում է առցանց առևտրի ճանապարհով: Այս գործում ապրանքների փոխադրումներ իրականացնողներին անհրաժեշտ են տարածքներ, հանգույցներ, որտեղ կհավաքվեն ապրանքները և կտեղափոխվեն տարբեր ուղղություններով: Ինչպես գիտենք, Գյումրիի օդանավակայանն այդքան ծանրաբեռնված չէ, ահա այդ հնարավորությունը կարող է օգտագործվել՝ հաշվի առնելով նաև եվրասիական ուղղությունը: Որքան գիտեմ, արդեն տարածք հատկացվել է, սակայն այս մասին Իսրայելում շատ չի խոսվում: Կարծում եմ, որ ճիշտ կլինի ակտիվ աշխատել, որ տեղեկատվությունը լայն տարածում գտնի»,-հավելեց նա:

ՀՀ կառավարությունը մտադիր է Իսրայելում դեսպանություն հիմնել։ ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ին նիստում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է համապատասխան որոշման նախագիծը։ Նախարարը նշել էր, որ վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան ու տարբեր մակարդակներում շփումները, հետևաբար, դիվանագիտական ներկայացուցչություն ունենալն առավել անհրաժեշտ է դարձել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]