1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահ Սարգսյանն ընդունել է Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սարգսյանն ընդունել է Արցախի բարեկամների համաժողովի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի պատվիրակությանը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մարիո Նալբանդյանը տեղեկացրել է, որ պատվիրակության կազմում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից ճանաչված անձինք են՝ խորհրդարանականներ, նախկին դիվանագետներ, հասարակական գործիչներ, որոնք Հայաստանի և Արցախի հետ հարաբերությունների զարգացման ջատագովներ են: Խոսելով Ստեփանակերտում առաջիկայում կայանալիք համաժողովի մասին՝ նա նշել է, որ Արցախի արտաքին գործերի նախարարության և ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպվելիք միջոցառման նպատակը Արցախի հետ միջազգային կապերի զարգացումն է:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Լատինական Ամերիկայի բարեկամ երկրների ներկայացուցիչների այցը Հայաստան ու Արցախ և շնորհակալություն հայտնել հյուրերին ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործունեության համար: «Ուրախ եմ, որ ձեր այցը կապված է Արցախի հետ: Բոլոր այն երկրներում, որոնք դուք ներկայացնում եք, հանդիպել եմ հայերի, որոնք, հատկապես Մեծ եղեռնից հետո, իրենց նոր հայրենիքն են գտնել ու դարձել այդ նոր հայրենիքի լավ քաղաքացիներ: Ի դեմս Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի՝ դուք ունեք լավ բարեկամներ: Բարձր եմ գնահատում ձեր վերաբերմունքը Արցախի նկատմամբ»,-նշել է նախագահը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով նրանց արցախյան համաժողովում:

Հանդիպմանը ներկա՝ համաժողովի պատվիրակները նշել են, որ իրենց միավորում է հիացմունքն ու սերը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս շարունակել ակտիվ ջանքերն ի շահ Հայաստանի և Արցախի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]