Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի հաղթողներին

ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է «Լավագույն մարզական ընտանիք-2019» 
մրցույթի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք-2019» ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակակիրների պարգևատրումը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ՀՀ մարզպետեր, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լևոն Ջուլֆալակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին. «Շնորհավորում եմ բոլորիս «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի կայացման կապակցությամբ: Նշանակություն չունի, թե որ տեղն եք զբաղեցրել, այս մրցույթին մասնակցելն ու այս փուլ հասնելն արդեն իսկ հաղթանակ է: Սպորտը միայն առողջ ապրելակերպը չէ, այն մարդկանց միավորելու ամենակարող ուժ է, իսկ դա ամենավեհ գաղափարն է»,- ասել է Լոռեցյանը:

«Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզային փուլի հաղթողները՝ 4 տարիքային խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող 2-ական ընտանիք: Պայքարն ընթացել է 6 մրցաձևերում՝ խաղային փոխանցավազք 80 մ (15 մ + 25 մ + 40 մ), խաղային փոխանցավազք 30 մ, հեռացատկ (տեղից), թենիսի գնդակի նետում, վարժություն բասկետբոլի գնդակով և խաղային փոխանցավազք թենիսի գնդակներով:

Ըստ տարիքային խմբերի տարվա լավագույն մարզական ընտանիքներ են հռչակվել`

1-ին տարիքային խմբում` Բալյանների ընտանիքը (Երևան),

2-րդ տարիքային խմբում՝ Ավագյանների ընտանիքը (Կոտայքի մարզ),

3-րդ տարիքային խմբում՝ Նուրիջանյանների ընտանիքը (Սյունիքի մարզ),

4-րդ տարիքային խմբում` Գեղամյանների ընտանիքը (Շիրակի մարզ):

Հաշմանդամություն ունեցող ընտանիքներից 1-ին տարիքային խմբում հաղթել է Արցախից Մխիթարյանների ընտանիք, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Շիրակից Կարապետյանների ընտանիքը: Եզրափակիչ փուլում առավելագույն միավորներ հավաքած՝ 4 տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզը, իսկ 1-ին և 2-րդ տեղերը կիսել են Երևանն ու Կոտայքի մարզը, որոնք պարգևատրվել են գավաթներով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են մեդալներ, հավաստագրեր, հուշանվերներ և դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 500 000 դրամ;

2-րդ տեղ՝  400 000 դրամ;

3-րդ տեղ՝  300 000 դրամ։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ