Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում» համաժողովը Էջմիածին էր բերել հյուրերի աշխարհի հինգ երկրից

 «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում» համաժողովը Էջմիածին էր բերել հյուրերի 
աշխարհի հինգ երկրից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի դահլիճում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում, արժեքներ և մարտահրավերներ» խորագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը մեկնարկեց տերունական աղոթքով: Այն հրավիրվել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակած Ընտանիքի տարվա շրջանակներում: Համաժողովին մասնակցում են հյուրեր՝ Իռլանդիայից, Բելգիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից եւ Ռուսաստանից:

Վեհափառ Հայրապետը մտահոգություն հայտնեց, որ արդի աշխարհում վտանգվում են ընտանիքի և նրա առաքելության մասին ընկալումները: «Ընտանիքի առջև ծառացած հիմնախնդիրները վեր հանելու, անդրադարձ կատարելու և հաղթահարելու տեսլականով մենք 2019 թվականը հռչակեցինք Ընտանիքի տարի, որպեսզի այդ առումով իրագործվեն առավել նպատակային քայլեր ու նախաձեռնություններ: Մեր Սուրբ Եկեղեցու հովիվները համայնքներում գնահատելի սպասավորություն են մատուցում ընտանիքների ամրության ու զորացման ուղղությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր: Մայր Աթոռի Միաբանական ժողովի մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր շրջաններում ապրող կարիքավոր ընտանիքներին՝ բերելով իրենց օրհնությունն ու Եկեղեցու նյութական աջակցությունը: Մենք նույնպես մեր հանդիպումներում, մեր քարոզներում ու խոսքերում անդրադառնում ենք ընտանեկան խնդիրներին: Առաջիկա ամիսներին ծրագրում ենք նոր հանդիպումներ, հատկապես՝ բազմազավակ ընտանիքների հետ: Այս ծրագրերը շարունակական են, որոնց ընթացքը պիտի նշանավորվի ամավերջին ընտանիքների օրհնության հատուկ արարողությամբ»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նրա մաղթանքն է, որ միջազգային այս համաժողովը՝ «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով, իր նպաստը բերի հասարակության մեջ ընտանիքի նվիրագործված ընկալման զորացմանը: 

«Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում, արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական ՀԿ-ի աջակցությամբ:

ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Հայ առաքելական եկեղեցին բացառիկ առաքելություն և դերակատարություն ունեն հայ ընտանիքի արժեքների զարգացման և պահպանման համար: «Մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ մեր ժողովրդի մեծ մասը դեմ է դրսից ներմուծվող շատ վիճելի լիբերտարյան արժեքներին և պատրաստ համախմբվելու՝ հանուն ավանդական, ազգային արժեքների պահպանման»,- շեշտեց Սաֆարյանը:

«Ծնողական համառուսական դիմադրություն» ՀԿ-ի ղեկավար Մարիա Մամիկոնյանն էլ նկատեց, որ նկատելի է ավանդական արժեքների, ընտանիքների և ներընտանեկան հարաբերությունների ճգնաժամ: «Առկա են այնպիսի պատկերացումներ, թե ինչպես պետք է ընտանիք կառուցել: Այդ պարագայում, եթե չտրվի համարժեք պատասխան, ապա ազգերի համար կստեղծվի աղետալի վիճակ»,- ասաց Մամիկոնյանը:

Զեկույցներ ներկայացրեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, ի.գ.թ. Արա Զոհրաբյանը («Ընտանիքը որպես սահմանադրական ինստիտուտ և ազգային արժեք»), Գևորգյան Հոգևոր Ճեմարանի դասախոս Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը («Ընտանիքը քրիստոնեական ընկալման և արդի գաղափարախոսությունների ու մարտահրավերների առջև»), «Ծնողական համառուսական դիմադրություն» ընտանիքի պաշտպանության համառուսական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Մամիկոնյանը (««Գլոբալիզմի» մարտահրավերը ընտանիքի և քրիստոնեական մշակույթի ինստիտուտի առջև: Պատասխան կլինի՞»), «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար, պ.գ.թ. Կարինե Եսայանը («Իրավական և քարոզչական ոլորտներում քրիստոնեական ընտանիքին և ազգային-հոգևոր արժեհամակարգին նետված արդի մարտահրավերները»), Ֆինլանդիայի Հելսինկիի համալսարանի դասախոս, ք.գ.դ Յոհան Բեկմանը («Ընտանիքը որպես այսօրվա լիբերալ արժեքների քրեական առանձնահատկություն») և իրավախորհրդատու, «Ազատության պաշտպանության» դաշինքի անդամ, ի.գ.դ. Ադինա Պորտարուն («Ամուսնությանն ու ընտանիքին ուղղված ժամանակակից իրավաբանական և քաղաքականության մարտահրավերները»):

Հոկտեմբերի 10-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նույն օրը երեկոյան` ժամը 17:00-ին, Ս. Գայանե վանքում կմասնակցեն Երեկոյան ժամերգության և ընտանիքների օրհնության արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]