Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ապացուցելով ինքներս մեզ… Ֆուտբոլի թիմի «բախտորոշ» խաղերից առաջ

Ապացուցելով ինքներս մեզ… Ֆուտբոլի թիմի «բախտորոշ» խաղերից առաջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի համար բախտորոշ կարող են լինել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական` 7-րդ և 8-րդ տուրի հանդիպումները: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի համար «ճակատագրական» երկու խաղերը` Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ թույլ կտան շարունակել երազել Եվրո-2020-ի մասնակցության մասին կամ էլ ընտրական փուլի հաջորդ հանդիպումները կվերածեն պարզապես խաղերի, որոնց պետք է ավարտին հասցնել:

Հավաքականի հայտացուցակը…

Գյուլբուդաղյանցն ընտրանի է հրավիրել 25 ֆուտբոլիստի: Չկա ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն Իտալիայի առաջնության «Լեչե»-«Ռոմա» խաղում վնասվածք ստացավ և շարքից դուրս մնաց, ըստ բժիշկների, 2-3 շաբաթ: Հիվանդության պատճառով թիմի հետ չէ նաև Կառլեն Մկրտչյանը: Հայտացուցակի 4 դարպասապահներից Արամ Հայրապետյանը կայուն իր դիրքն ունի «Ուրարտու»-ի մեկնարկային կազմում՝ ի տարբերություն «Ուրարտու»-ի երկրորդ դարպասապահ Անատոլի Այվազովի, ով ևս ընտրանի է հրավիրվել: Հենրի Ավագյանին էլ հաճախակի չենք տեսնում «Ալաշկերտ»-ի մեկնարկային կազմում: Իսկ ահա Արսեն Բեգլարյանը Բելառուսում վերջին շաբաթների ընթացքում միայն է հայտավորվում ակումբի հայտացուցակում:

Պաշտպաններից «Ալաշկերտ»-ից հրավիրված Հայկ Իշխանյանը և Տարոն Ոսկանյանն օգնում են թիմին Հայաստանի առաջնությունում և խաղային պրակտիկա ունեն: Արման Հովհաննիսյանը «Գանձասար-Կապան»-ում ևս իր տեղն ունի մեկնարկային կազմում: Արտասահմանից հրավիրված պաշտպաններից հավաքականում իր առանձնակի տեղն ունի Կամո Հովհաննիսյանը, որը միշտ առանձնանում է արագությամբ: Չնայած մկանային վնասվածքի առկայությանը՝ նա թիմի հետ և նույնիսկ մեկ անգամ հիմնական թիմից անջատ մարզում է անցկացրել:

Վարազդատ Հարոյանը, Հովհաննես Համբարձումյանը և Անդրե Չալըշըրը լավ մարզավիճակում են և կարող են լինել մարզչի որոշելիք մեկնարկային կազմում: Արարատ Մոնրոն էլ եկել է Լատինական Ամերիկայից: Նա ունի խաղային պրակտիկա, սակայն հենց Գյուլբուդաղյանցն է հաճախի խոսում այն դժվարությունների մասին, որ ֆուտբոլիստները, ովքեր հրավիրվում են Հարավային Ամերիկայից, ունենում են հավաքականում:

Կիսապաշտությունում չկա Մխիթարյանը, բայց հավաքականին է միացել մեկ «մտածող» ֆուտբոլիստ` Մարկոս Պիզելին: Նա մասնակցել է ակումբի վերջին հանդիպումներին և ունակ է «եղանակ ստեղծել» թիմում: Այս անգամ գուցե հնարավորություն ստանան «հայկական ֆուտբոլի» ապագա համարվող ֆուտբոլիստները` Պետրոս Ավետիսյանը («Արարատ-Արմենիա») և Էրիկ Վարդանյանը («Փյունիկ»): Երկար դադարից հետո «Փյունիկ»-ին միացած Արազ Օզբիլիսը ևս ընտրանու հիմնական «սյուներից» մեկն է. այն, թե ինչ կարող է անել հիմա Արազը, կտեսնենք միայն խաղին: Էդգար Բաբայանը, Ռումյան Հովսեփյանը և Գևորգ Ղազարյանը վերջին շաբաթում մասնակցել են ակումբների ամբողջական խաղերին:

Եվ գոլահարները` հարձակվողները. հիմա բոլորի ուշադրության կենտրոնում «Բավարիա»-ին երկու գոլ խփած Սարգիս Ադամյանն է «Հոֆենհայմ»-ից: Նա ոգևորված է ձեռքբերմամբ, ինչը կարող է և կուզենայինք, որ օգտագործվեր ի նպաստ Հայաստանի հավաքականի: Լավ վիճակում հավաքականին է միացել ռուսական «Սոչի»-ի կազմում հանդես եկող Ալեքսանդր Կարապետյանը, ով հավաքականում արդյունավետ խաղ է ցուցադրում: Տիգրան Բարսեղյանը «Կայսար»-ի հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր և մասնակցեց ակումբի խաղին: «Փյունիկ»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստ և թիմի ավագ Արթուր Միրանյանը ևս լավ մարզավիճակում է:

Մրցաշարային աղյուսակը

Եվրո-2020-ի J խմբում այժմ Հայաստանի ընտրանին 9 միավորով երրորդն է: Իտալիայի ընտրանին իր բացարձակ արդյունքով` 6 խաղ, 6 հաղթանակ, առաջինն է 18 միավորով: 12 միավոր ունի Ֆինլանդիան: Բոսնիա և Հերցեգովինան 7 միավորով 4-րդ տեղում է: 5 միավորով նախավերջինը Հունաստանն է: Վերջում 1 միավորով Լիխտենշտեյն է:

Հիմա, երբ Հայաստանի ընտրանին արտագնա խաղում մրցելու է Լիխտենշտեյնի հետ (հոկտեմբերի 12, մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին) կարևոր է նաև առավել վաղ մեկնարկող Բոսնիա և Հերցեգովինա-Ֆինլանդիա խաղը: Հայաստանի ընտրանուն ձեռնտու է, որ Բոսնիա և Հերցեգովինան գերազանցի ֆիններին կամ գոնե ոչ-ոքի ավարտի հանդիպումը: Այդ դեպքում Ֆինլանդիա-Հայաստան խաղում (հոկտեմբերի 15, մեկնարկը Երևանի ժամանակով 20:00-ին) հավաքականի հաղթանակի դեպքում Գյուլբուդաղյանցի թիմը մրցաշարային աղյուսակում կբարձրանա երկրորդ հորիզոնական: Եվ վերջին երկու տուրերի՝ Երևանում Հունաստանի (նոյեմբերի 15) և արտագնա՝ Պալերմոյում Իտալիայի դեմ (նոյեմբերի 18) խաղերով վերջակետ կդրվի մրցական այս փուլին:

Ապացուցելով ինքներս մեզ…

Ոչինչ չունենք որևէ մեկին ապացուցելու: Խաղալ է պետք ինքներս մեր հաճույքի համար, որի դեպքում կստացվի հաղթել ցանկացած մրցակցի` լինեն հյուսիսից, թե հարավից, լինեն բարձրակարգ, թե միջին որակավորման թիմեր: Խաղալ է պետք սրտով, մտքով և անվերապահ նվիրումով, այն, ինչն անել գիտեն Արմեն Գյուլբոդաղյանցի «տղաները»՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամները:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am