Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Ադրբեջանը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով. Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է իր ստրասբուրգյան այցը

Ադրբեջանը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով. Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է իր 
ստրասբուրգյան այցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ստրասբուրգյան այցը արդյունավետ է գնահատում: Նրա խոսքով, շոշափելի արդյունքները տեսանելի են: Այնտեղ գտնվելու գլխավոր նպատակը չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության և այդ տարածքների միջազգային ընդգրկվածության հետ կապված հարցերը քննարկելն էր:

«Իմ ելույթի ժամանակ նշել եմ, որ ինչպես մի շարք միջազգային փաստաթղթեր, այնպես էլ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, սահմանում են, որ մարդու իրավունքները համընդհանուր են: Անկախ որևէ պետության կարգավիճակից , տվյալ տարածքի բնակիչները չպետք է զրկված լինեն մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից: Չնայած այդ դրույթներին, իրականում չճանաչված պետությունների բնակիչները մեկուսացած են միջազգային հանրությունից, միջազգային ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, այս դեպքում բացառություն չէ Արցախի Հանրապետությունը: Իր ելույթում Արտակ Բեգլարյանը նշել է, որ դա երեք մակարդակներում բացասական է անդրադառնում մարդու իրավունքների պաշտպանության վրա: Առաջին մակարդակը տեղականն է, երկրորդը՝ տարածաշրջանային, երրորդը՝ միջազգային: Տեղական մակարդակն այն է, որ ինստիտուցիոնալ զարգացման առումով բավական շատ խնդիրներ են առաջանում, քանի որ միջազգայնորեն մեկուսացած է տվյալ պետությունը: Պետական մարմինները միջազգային փորձին ուղիղ առումով հաղորդակից չեն լինում:

«Արդյունքում՝ մնում ենք մենակ, նույնիսկ եթե քաղաքական կամքը գոյություն է ունենում: Արցախի պարագայում բավական շատ հաջողություններ ունենք՝ շնորհիվ ներքին ներուժի և Հայաստանի աջակցության, բայց դա բավարար չէ»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Երկրորդ մակարդակը, որը տարածաշրջանայինն է, պայմանավորված է հակամարտությամբ: Արցախի պարագայում խնդիրը Ադրբեջանի հետ է, որը սպառնալիքների դիրքերից է հանդես գալիս: Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում կոնկրետ օրինակներով ներկայացրել է, թե այդ համատեքստում արցախցիները մարդու իրավունքների ինչ խախտումներ են ունենում:

«Ապրիլյան պատերազմն այդ ցցուն օրինակներից է, երբ վառ կերպով դրսևորվեցին Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքները: Ընդգծել եմ, որ մեր հանդեպ սպառնալիքների ու սահմանափակումների հիմնական աղբյուրը Ադրբեջանի պետական մակարդակով հայատյաց  քաղաքականությունն է: Ներկայացրել եմ օդանավակայանի դեպքը, որը ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ խախտում է, Ադրբեջանի կողմից Արցախ այցելած անձանց դեպքում, այսպես կոչված, «սև ցուցակը», որը ոտնահարում է Արցախ այցելած քաղաքացիների իրավունքները: Անդրադարձ եմ կատարել միջազգային ներդրողների հանդեպ հետապնդումներին, որ Արցախում գործունեություն չծավալեն և այլն»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը: 

Երրորդը միջազգային մակարդակն է, երբ մարդու իրավունքների ոտնահարումը տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների կողմից: Օրինակները շատ են, մասնավորապես, Արցախի փաստաթղթերի ճանաչման խնդիրը, այդ թվում դիպլոմների, քաղաքացիական ակտերի և այլն:

«Ասեմ, որ միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի բավական շատ պաշտոնյաներ, դիվանագետներ, փորձագետներ: Իմ ելույթից հետո արձագանքը դրական էր, իմ բարձրացրած դիտարկումներն ընդունելի էին: Դրանից բացի, հետաքրքրություն եմ նկատել հենց Արցախի հարցերի հետ կապված. որոշ պաշտոնյաներ փորձել են ավելի շատ տեղեկություններ ստանալ մարդու իրավունքների պաշտպանության, առկա իրավիճակի մասին»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ շոշափելին այս պահին այն է, որ տեղեկությունների ու նյութերի փոխանակում լինի, լավագույն տարբերակը՝ որ ուղիղ շփումներ լինեն: Արցախի ՄԻՊ-ն արձագանքեց նաև իր այցելության ու ելույթի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին, այնտեղ պաստառներով ադրբեջանցիների հավաքին:

«Ես ներկայացրել եմ զուտ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, դրանից բխող խնդիրները: Ադրբեջանցիները, որոնք ներկա էին, քաղաքական կարգախոսներով պաստառներ էին բարձրացրել»,-ասաց նա:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Արցախի ՄԻՊ-ը գտնվում էր Ստրասբուրգում: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ու աջակցությամբ այնտեղ մասնակցել է միջոցառման, ինչպես նաև մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր շրջանակների պաշտոնյաների հետ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ