Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լինել կենտրոն՝ չլինելով կենտրոնում. Հայաստանում մեկնարկել է WCIT 2019-ը

Լինել կենտրոն՝ չլինելով կենտրոնում. Հայաստանում մեկնարկել է WCIT 2019-ը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկեց WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը։ Հայաստանը հյուրընկալում է միջոցառումը կառավարության և ՏՏ ոլորտի մի շարք կազմակերպությունների աջակցությամբ։ Համաժողովի կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԱՏՁՄ)։ Չնայած նրան, որ Հայաստանում բազմաթիվ անգամներ կազմակերպվել են ամենամյա բավական հաջողված միջոցառումներ, ինչպիսիք են Seaside Startup Summit-ը կամ DigiTecExpo-ն, Հայաստանում WCIT-ի նման լայնածավալ ՏՏ համաժողով անցկացվում է առաջին անգամ:

Համաժողովի կարևորությունը նախ դրա գործնական ներուժի մեջ է: Infosys, Pixar, Vmware և ոլորտի մի շարք այլ աշխարհահռչակ ընկերությունների 2000-ից ավել ներկայացուցիչներ այս օրերին գտնվելու են Երևանում: Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարությունն իր առջև դրել է Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելու նպատակ՝ այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է կապեր հաստատելու, գործընկերներ ձեռք բերելու և հայկական արտադրանքը աշխարհին ներկայացնելու համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն լուրջ ներուժ ունեցող և ճանապարհ անցած հայկական ՏՏ կազմակերպությունների և ընկերությունների մասին է, այլև մեծ թվով նոր ստարտափների, որոնք ներկայացնում են հետաքրքիր լուծումներ ու նորարաություններ, սակայն չունեն լայն ֆինանսական հնարավորություններ:

Միջոցառման կարևորությունն ապացուցվում է նաև բանախոսների անձերով. Ալեքսիս Օհանյանը, Ռիչարդ Քլարկը, Ալեքս Չունգը և տասնյակ այլ հայտնի ու ազդեցիկ մարդիկ ելույթներ են ունենալու, մտքեր են փոխանակելու այս համաժողովի ընթացքում: Բացի այդ, համաժողովին ներկա են նաև մարդիկ, որոնց լսարանն ավելի լայն է, քան զուտ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներինը. CNN-ում, ABC-ում, NPR-ում իր նյութերով ու հոդվածներով հայտնի Սեմյուել Բըրքը, լրագրող և արվեստագետ Ջեյմս Բրիդլը, CNN-ի բիզնես թղթակից Ռիչարդ Քվեսթը, լրագրող Մոնթի Մանֆորդը և այլոք: Նրանց լսարանի զգալի հատվածի համար Հայաստանը բացահայտում է: Աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենի՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բացառիկ համերգը գեղեցիկ և հնչեղ սկիզբ դրեց համաժողովին: Վան Բյուրենի համերգը եզակի էր մեր տարածաշրջանի համար և  բացառիկ՝ Հայաստանի ճանաչելիության բարձրացման տեսանկյունից: Այս առումով պակաս կարևոր չէ նաև Սերժ Թանկյանի կամ Քիմ Քարդաշյանի մասնակցությունը համաժողովին: Թեև նրանց լսարանն արդեն ծանոթ է Հայաստանին՝ Թանկյանի ու Քարդաշյանի մասնակցությունը հավելյալ գրավչություն և ճանաչելիություն է հաղորդում երկրին:

Մյուս կողմից, սխալ կլինի պնդել, որ միայն WCIT-ն է օգտակար Հայաստանի համար: Եթե Ալեքսիս Օհանյանին զարմանալի չէր լինի տեսնել, օրինակ, հաջորդ տարի Մալայզիայում անցնող WCIT-ին, ապա Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և շատ այլ անվանի հայերի մասնակցությունը համաժողովին մեծապես պայմանավորված է անցկացման վայրով, ուստի հայկական կողմն այս առումով իր ներդրումն է ունենում WCIT-ի զարգացման և մասսայականացման համար: Այս առումով կարևոր է նշել նաև WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման մասին, որի գաղափարի հեղինակը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է: Նորաստեղծ նվագախումբը Հանրապետության հրապարակում առաջին անգամ իրական ժամանակում հնչեցրեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: 

WCIT-ի անցկացումը Հայաստանում հատկանշական է նաև այլ տեսանկյունից. այս տարի համաժողովի թեման է «Ապակենտրոնացման ուժը. հեռանկարն ու ռիսկերը»։ Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը լավագույնս համապատասխանում է ապակենտրոնացման գաղափարին: Աշխարհում գոյություն չունի և, ելնելով ոլորտի առանձնահատկություններից, գործնականում չի էլ կարող ունենալ ՏՏ մեկ միասնական կենտրոն: Այդուհանդերձ, այս պահին Հայաստանը հենց այդ կենտրոնն է, քանի որ երեք օրով այստեղ են կենտրոնացել ՏՏ ոլորտի հզոր ներկայացուցիչները:

Այսպիսով, Հայաստանի և WCIT-ի փոխադարձ օգտակարությունը, ամենատարբեր ոլորտներից բազմաթիվ մասնագետների ներկայությունը Երևանում, գործնական շրջանակների սպասվելիք շփումները և մտքերի փոխանակումը խոսում են այն մասին, որ այս պահին Հայաստանը կենտրոն է՝ չլինելով կենտրոնում:

Վլադիմիր Մարտիրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]